Շվեդիան պատրաստվում է երկկողմ աջակցության ծրագրեր իրականացնել Հայաստանի համար. Շվեդ նախարարը՝ Ավինյանին


Շվեդիան պատրաստվում է երկկողմ աջակցության ծրագրեր իրականացնել Հայաստանի համար. Շվեդ նախարարը՝ Ավինյանին
Մարտ 22 11:09 2019

Մարտի 22-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարար Պետեր Էրիքսոնի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանն ասել է, որ Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարում եւ կարեւորել Շվեդիայի աջակցությունը երկրում բարեփոխումների իրականացման գործընթացին:

Փոխվարչապետը նաեւ նշել է, որ Շվեդիայի հետ արդյունավետ փոխգործակցություն է հաստատվել թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերով՝ հատկապես ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պետեր Էրիքսոնն ասել է, որ Հայաստանում զգալի դրական փոփոխություններ են տեղի ունեցել եւ իրենք ցանկանում են նպաստել երկրի ժողովրդավարության ամրապնդմանը: Նա նշել է, որ Շվեդիան պատրաստվում է երկկողմ աջակցության ծրագրեր իրականացնել Հայաստանի համար:

Զրուցակիցներն անդրադարձել են Կայուն զարգացման նպատակներին, ինչպես նաեւ Հայաստանի Կայուն զարգացման ազգային նորարարական կենտրոնի գործունեությանը: Այս համատեքստում Տիգրան Ավինյանը ներկայացրել է ներառական աճի մոդելի վրա հիմնված կառավարության ծրագրի առաջնահերթությունները եւ առաջիկայում իրականացվելիք միջոցառումները:

Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, թափոնների կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորությունները: