Հերթական լարված իրավիճակն այս անգամ ստեղծվել է Կոտայքի մարզի Արամուս համայնքի դպրոցում:
Վաղ առավոտվանից Արամուս գյուղի Վլադիկ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում սկսվել է դասադուլ: Աշակերտները, ծնողներն ու ուսուցչական ողջ անձնակազմը պահանջում են, որպեսզի դպրոցի տնօրեն նշանակվի երկար տարիներ նույն դպրոցում փոխտնօրեն աշխատած Անդրեյ Փիլիպոսյանը:
Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց Արամուսի համայնքապետ Հրայր Նիկողոսյանը:
Օրեր առաջ նշված դպրոցում տնօրենի ընտրություն է տեղի ունեցել, դպրոց թեկնածուներից մեկը եղել է Ա. Փիլիպոսյանը, իսկ մյուս թեկնածուն՝ Նոնա Պողոսյանը, ով Աբովյան քաղաքի բնակիչ է: Հավաքվածներն ասում են, որ նրա թեկնածությունն առաջադրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
«Ընտրությունների 2 փուլերի արդյունքում թեկնածուները հավաքել են 4-ական ձայն, սակայն դպրոցի կոլեկտիվը նամակ-դիմումով խնդրել է փոխվարչապետին, որպեսզի տնօրեն նշանակվի Ա. Փիլիպոսյանը։ Բնական է՝ երեխաները ցանկանում են, որ իրենց ծանոթ ուսուցիչը լինի: Նա համայնքում, դպրոցում հարգված անձնավորություն է, երկար տարիներ աշխատել է կոլեկտիվը նրան շատ լավ գիտի: Գուցե մյուս թեկնածուն ավելի արժանի է, ես չեմ ճանաչում: Ամեն դեպքում, եթե համայնքում կա արժանի թեկնածու ամեն ընտանիք կուզի, որ ղեկավարն իր ընտանիքից լինի»,-ասաց համայնքապետը: