Ավինյանը Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Վահագն Վերմիշյանին


Ավինյանը Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Վահագն Վերմիշյանին
Մարտ 21 20:29 2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Կոմիտեի նորանշանակ նախագահ Վահագն Վերմիշյանին: 

«Վահագն Վերմիշյանը աշխատել է տարբեր երկրներում, ունի մեծ փորձառություն և ստանձնելով Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը՝ կաշխատի այն բոլոր բացթողումները շտկելու ուղղությամբ, որոնք կան ոլորտում»,- ասել է փոխվարչապետը:

Տիգրան Ավինյանը հատուկ ուշադրություն է հրավիրել քաղաքաշինության ոլորտի կարևորության վրա, խոսելով՝ Կոմիտեի դերի և նշանակության, գերատեսչության վրա դրված մեծ պատասխանատվության մասին:

Նա անդրադարձել է նաև կառավարության համար առաջնահերթություն հանդիսացող գործարար միջավայրի բարելավման, «Գործարարություն» (Doing Business) զեկույցում Հայաստանի դիրք առաջմղման գործընթացում Քաղաքաշինության կոմիտեի մասով կատարվելիք աշխատանքներին:

Փոխվարչապետը խոսել է նաև Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 7-ի արտագնա նիստում ՀՀ վարչապետի՝ ոչ հիմնական շինությունների փաստագրման, դրանցում բնակվող ընտանիքների նկատմամբ պետական պարտավորությունների ծավալների ուսումնասիրման և դրանց իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներն արագացնելու, արդյունքները սահմանված ժամկետում ամփոփելու անհրաժեշտության մասին:

Տիգրան Ավինյանը Կոմիտեի նորանշանակ նախագահին մաղթեց արդյունավետ աշխատանք, հաջողություն՝ ոլորտի առջև ծառացած խնդիրները լուծելու գործում:  

Վահագն Վերմիշյանը, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին, համոզմունք է հայտնել, որ Կոմիտեի փորձառու անձնակազմն ունակ է իրականացնել կառավարության կողմից իր վրա դրված պարտավորությունները և պատվով լուծել  գերատեսչության առջև դրված խնդիրները: