Հայաստանի Ժուռնալիստների միության տարածքների մեծ մասը, կարելի է ասել, որ այլևս Ժուռնալիստների միությանը չեն պատկանում: Ժամանակին կնքվել են ստրկատիրական, նվաստացուցիչ պամաններով պայմանագրեր, որոնց լուծումը շատ բարդ ճանապարհ է մեզ խոստանում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:
«Խնդիրն այն է, որ Հայաստանի Ժուռնալիստների միությունը գտնվում է Պուշկինի 3ա հասցերում, կոմերցիոն առումով բավականին լավ վայրում։ Այս շենքում կա մի քանի վարձակալ՝ «Ֆոտոլուր» գործակալությունը, «Հելսինկյան» ընկերությունը, «Էլզա Գրիգ» անունով մի ընկերություն, «Ավանգարդ քլաբ» ընկերությունը, Լրատվամիջոցների աջակցության հիմնագրամը, «168 ժամ»-ը և Արամայիս Սահակյան անհատ ձեռնարկատերն է այնտեղ գործունեություն ծավալում։
Շատ խորհրդանշական էր, որ այս օրերին Օպերային հարակից տարածքն ապամոնտաժվում էր քաղաքային իշխանությունների կողմից ու նույն իշխանությունների կողմից բարձրաձայնվում էր, թե ինչպիսի դարձյալ նվաստացուցիչ պայմաններով են վարձակալվել այդ տարածքները։ Հայաստանի Ժուռնալիստների միության շենքում ավելի վատ վիճակ է», - ասաց Սաթիկ Սեյրանյանը։
Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ ընկերության սեփականատերը ճանաչված հեղինակություն Խդոյի Գրիշն է:
«Տարիներ անց ես կլինեմ Ժուռնալիստների միության նախագահը, թե՝ մեկ ուրիշը, ուզում եմ ասել, որ այդ տարածքները ձեռք են բերվել մեր ավագ սերնդի ջանքերով, միությունն իրականում կարող է մեծ եկամուտներ ունենալ, աջակցել լրագրողներին, բայց այդ հնարավորությունը, ցավոք, չունի», - ասաց Սաթիկ Սեյրանյանը։