ՊԵԿ-ից պարզաբանում են


ՊԵԿ-ից պարզաբանում են
Մարտ 15 17:47 2019

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

«ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ժամանակ» օրաթերթի «Հին գելերը» վերնագրով հրապարակման վերաբերյալ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ 2018թ. դեկտեմբերին ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության թափուր պաշտոնները համալրելու նպատակով հայտարարված մրցույթում Վահան Սողոմոնյանից բացի հաղթող են ճանաչվել նաև Գերասիմ Մկրտչյանը և Արմեն Օհանյանը: Թերթի այն պնդումը, թե՝ Արմեն Օհանյանը Շենգավիթի հարկային տեսչության պետի տեղակալ նշանակվելուց առաջ՝ այս տարվա փետրվարի 1-ին մասնակցել է Արմավիրի բաժնի պետի համար հայտարարված մրցույթին, սակայն հաղթող չի ճանաչվել չի համապատասխանում իրականությանը, քանի որ ՕՀՎ մարզային թիվ 18 (Արմավիր) բաժնի պետի թափուր պաշտոնի համալրման համար անցկացված մրցույթի արդյունքներով հաղթող են ճանաչվել և՛ Ա. Օհանյանը, և՛ Վ. Սողոմոնյանը: Շփոթմունք է առաջացնում նաև թերթի հետևյալ պնդումը, ըստ որի՝ նույնը կրկնվել է Գերասիմ Մկրտչյանի դեպքում, ով նույն ժամանակահատվածում մասնակցել է ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության 6-րդ բաժնի պետի պաշտոնի համար հայտարարված մրցույթին, սակայն հաղթող է ճանաչվել կրկին Վահան Սողոմոնյանը, քանի որ ՕՀՎ ոլորտային թիվ 6 բաժնի պետի պաշտոնի համալրման համար անցկացված մրցույթի արդյունքներով Վ. Սողոմոնյանից բացի  հաղթող է ճանաչվել նաև Գ. Մկրտչյանը:

 

Բայց, հաշվի առնելով, որ 2019թ. փետրվարի 6-ի ՀՀ վարչապետի N 99-Լ որոշման համաձայն ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների միաձուլման հետևանքով ստեղծվել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն՝ մրցույթում հաղթող ճանաչված բոլոր մասնակիցները ՊԵԿ նախագահի հրամանով ընդգրկվել են հարկային ծառայության կադրերի ռեզերվում: Այնուհետև, 2019թ. փետրվարի 15-ի թիվ 1/598-Ա հրամանով Վահան Սողոմոնյանը նշանակվել է հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 6 (Սյունիքի և Վայոց ձորի մարզեր) բաժնի պետ, իսկ Գերասիմ Մկրտչյանը նշանակվել է հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 1 (Երևան քաղաք) բաժնի պետի տեղակալի պաշտոնում: Արմեն Օհանյանն էլ 2019թ. փետրվարի 21-ի ՊԵԿ նախագահի թիվ 1/645-Ա հրամանով նշանակվել է փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հսկողության թիվ 6 (Շենգավիթ) բաժնի պետի տեղակալի պաշտոնում: Հետևաբար` մրցույթներում հաղթած վերոհիշյալ երեք անձանց համապատասխան պաշտոնների նշանակումը կատարվել է օրենքով սահմանված կարգով: