Շատերն են ուզում ունենալ ձյունաճերմակ ժպիտ։ Ժամանակի ընթացքում ոմանց ատամները դեղնում են։ Ատամները հաճախ դեղնում են սուրճի կամ ծխախոտի չարաշահման պատճառով։
Սուրճը կարող է ատամների վրա հետքեր թողնել։ Ատամնաբույժները, սակայն, նշում են, որ դրանից կարելի է խուսափել։ Հարկավոր է խուսափել ձողիկի միջոցով սուրճ խմելուց։ Բացի այդ՝ կան ատամի մածուկներ, որոնք օգնում են ազատվել սուրճի առաջացրած հետքերից։
Իսկ ինչ վերաբերում է ծխախոտին, ապա մասնագետները միանշանակ առաջարկում են հրաժարվել այդ վատ սովորությունից, քանի որ նիկոտինը ոչ միայն դեղնացնում է ատամները, այլև վնասում ատամի էմալն ու լնդերը։
Ատամների վրա կարող են դեղին հետքեր առաջանալ նաև ատամները սխալ խոզանակելու հետևանքով։ Եթե ատամները սխալ, անզգույշ խոզանակեք, կարող եք վնասել ատամի էմալը, իսկ անորակ ատամի մածուկն ու սխալ ընտրված ժողովրդական միջոցները կարող են է՛լ ավելի խորացնել այդ խնդիրը։
Բարակ էմալը հանգեցնում է նրան, որ դեղին դենտինը սկսում է փայլել․ նման դեպքերում սպիտակեցնող միջոցները չեն կարող օգնել։ Տարիների ընթացքում շատերի ատամները կարող են դեղնել, քանի որ աստիճանաբար օրգանիզմի կողմից կալցիումի ու D վիտամինի յուրացումը վատանում է։ Որոշակի դեղամիջոցներ, իհարկե, կարող են ատամների վիճակը բարելավել։ Դեղամիջոցներով բուժման կուրսն ավարտելուց հետո կարելի է ատամները սպիտակեցնող պրոցեդուրա անցնել։
Իսկ եթե դեղնում է միայն մեկ ատամ, ապա անմիջապես պետք է դիմել ատամնաբույժի, քանի որ հնարավոր է, որ ատամի դենտինը բուժման կարիք ունի։
Աղբյուր՝ Բուժ ինֆո










