ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով ամփոփելով անցյալ շաբաթը, որը, նրա խոսքով, լի էր ռեկորդային խայտառակ իրադարձություններով:
Նա, մասնավորապես, նշել է.
«Իսկ չե՞ք ուզում Նիկոլին ցմահ տիրակալ հռչակել, Հայաստանն էլ՝ Նիկոլստան
Անցյալ շաբաթը ռեկորդային էր խայտառակ իրադարձություններով:
▪ Նախ, պարզվեց, որ ազգիս թավշյա վարչապետ Փաշինյանը պատրաստվում է առանց օրակարգի հստակեցման հանդիպել Ալիեւի հետ: Դուշանբեի վերելակում անօրակարգ հանդիպման խայտառակ հետեւանքները դեռ չենք մարսել:
▪ Նիկոլից իմացանք, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ, որոնք զբաղված են քաղաքական գործունեությամբ:
Ուրեմն, Բրյուսել թռչելուց առաջ թող բարի լինի ցուցակը ներկայացնի՝ նոր թռչի ուր ուզում է: Եթե չներկայացրեց, ուրեմն գործ ունենք Փաշինյանի հերթական սուտ ու անպատասխանատու հայտարարության հետ:
▪ Նիկոլի նախարարներից մեկը հայտարարեց, որ մարզպետարանների աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի, այսինքն՝ կզրկվեն հացի գումար վաստակելու հնարավորությունից:
▪ Հպարտ ու երջանիկ իշխանությունը քանդում է մայրաքաղաք Երեւանի պատմական հուշարձաններից մեկը: Վանդալների ականջը կանչի:
▪ ԿԳ տխրահռչակ նախարարի հերթական ճնշումը՝ հեռացնել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին ձախողվեց:
▪ Չնայած Նիլոլի պնդումներին, թե Մարտի 1-ը բացահայտված է, պարզ դարձավ, որ ընդամենը սպեկուլյացիա է եւ առ այսօր որեւէ մեղադրանք 10 զոհերի պահով առաջադրված չէ: Այստեղ եւս գործ ունենք Փաշինյանի հերթական ստի հետ:
▪ Նիկոլամերձ շրջանակներում առաջարկում են ապրիլի 23-ը հռչակել Քաղաքացու օր:
Շատ համեստ չե՞ք, հպարտներ ջան: Միանգամից հռչակեք Փաշինյանին ցմահ տիրակալ, իսկ երկիրն էլ վերանվանեք Նիկոլստան:
Հ.Գ. Եթե ապրիլի 23-ը ցանկանում եք նշել, ապա հուշեմ... 1920թ. ապրիլի 23-ին Արցախի հայերի 9-րդ համագումարը Արցախը հռչակել է Հայաստանի Հանրապետության անբաժան մաս:
Սա հաստատ ավելի կարեւոր է, քան հպարտների իշխանազավթումը: