Երևանում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի:
Նրանք բողոքում են Խորենացու փողոցի 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող կրթության և գիտության նախարարության նախկին շենքը քանդելու դեմ:
Անդրադառնալով քաղաքապետարանի՝ կրթական ու մշակութային շենքերի ոչնչացման ծրագրին՝ ակցիայի ակտիվիստներից Նարեկ Սամսոնյանը նշեց,որ քաղաքապետն իր կերպարը շփոթում է «Կարգին հաղորդման» մեջ իր դերերի հետ:
Ակտիվիստները շենքը շրջապատող ցանկապատի վրա փակցրեցին «Սուպեր մամա, սիրուն չի» գրությամբ ստիքերներ:
«Հայկ Մարությանին խորհուրդ կտամ վերադառնալ «Սուպեր մամա»-ի կերպարին, այնտեղ նա դրական կողմեր ուներ: Բողոքը շարունակվելու է, և դուք հրաժարական եք տալու, իսկ ձեր ակտիվիստները ձեզ չեն փրկի, պարոն Մարության: Հայկ Մարությանը շահ ունի շենքերի քանդելու հարցում, թե ինչպիսի, դա դեռ պետք պարզել: Քաղաքապետը կատարում է նախկին իշխանությունների կիսատ թողած գործերը, մինչդեռ պետք է կասեցնի այն որոշումները, որոնց դեմ ժամանակին պայքարել են»,-ասաց նա:
Սամսոնյանի խոսքով՝ այժմյան ակտիվիստները, ովքեր պաշտպանում են քաղաքապետին, դարձել են ռեժիմի ստրուկ:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ Խորենացու փողոցի 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող կրթության և գիտության նախարարության նախկին շենքը վերականգնվելու է նոր մոտեցմամբ: