Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Գավառ քաղաքում մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժնի շենքի բացման արարողությանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, շենքի բացմանը ներկա են գտնվել նաև մարզի իրավապահ ոլորտի պատասխանատուները։ ՀՀ ՔԿ նախագահը շրջել է շենքում, ծանոթացել նոր աշխատանքային պայմաններին։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժնի շենքը հիմնովին վերանորոգվել է: Քննչական բաժինը կահավորվել է, ապահովվել ժամանակակից տեխնիկայով, ինտերնետ կապով և համակարգչային ներքին ցանցով:
Բաժինն ունի 13 աշխատանքային սենյակ, hսկիչ-անցագրային կետ: Նախատեսվել են առանձին սենյակներ՝ իրեղեն ապացույցների պահպանման, անչափահասների հարցաքննության համար:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կարևորել է քննիչների աշխատանքային պայմանների բարելավումը՝ նշելով, որ այն քննիչներին հնարավորություն կընձեռի օրենքով նախատեսված ծառայողական պարտականությունները կատարել ավելի արդյունավետ:
ՔԿ նախագահը շնորհակալություն է հայտնել կառավարությանը՝ շենքի հիմնանորոգման համար բյուջեից գումար հատկացնելու համար:
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ: