Ցանկությունը, որ ես հեռանամ ԵՊՀ ռեկտորի պաշտոնից, առաջին հերթին առաջացել է Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ու, կարծում եմ, նաև իր խորհրդականի՝ Սամվել Կարաբեքյանի մոտ, որոնք մեր համալսարանականներն են և, որոնց դուր չի եկել ժամանակին իմ աշխատելաոճը, իմ կողմից համալսարանի ղեկավարումը: Այս մասին լրագրողների հետ ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։
Արամ Սիմոնյանի խոսքով՝ նրանց միջև քաղաքավարության սահմաններից դուրս որևէ խոսակցություն չի եղել: Ռեկտորը նշեց,որ ժամանակին ինքն է ստորագրել Արայիկ Հարությունյանին աշխատանքի ընդունելու հրամանը և նրա հետ շփումներն այդքանով են եղել, այլ հարցեր չեն եղել:
Անդրադառնալով ԵՊՀ Հոգաբարձուների այսօրվա տապալված նիստին՝ ԵՊՀ ռեկտորն ասաց.
«Կուզենայի, որ այսօր, այնուամենայնիվ, քննարկում լիներ, սակայն համաձայն եմ, որ իրավական տեսանկյունից այն առաջ քաշված հարցը միանգամայն կամայականություն է, որովհետև չունի ոչ մի լուրջ հիմնավորում։ Ես ժամկետով ընտրված ռեկտոր եմ ու իմ ժամկետին դեռ 1 տարի կա։ Կասկածի տակ դնել դրա լեգիտիմությունը ոչ ոք չի կարող։ Ինչքան էլ ասեն, որ նախորդ Հոգաբարձուների խորհուրդը բռնապետական էր, հալածում էր և այլն, դա ինձ համար բացարձակ հեռու է ճշմարտությունից։ Ես ձեզ կարող եմ վստահորեն ասել, որ Հոգաբարձուների բոլոր խորհուրդների ժամանակ, միշտ էլ բարձրացվել են հարցեր, միշտ էլ եղել են ելույթներ ու նաև՝ քննադատական ելույթներ համալսարանի ղեկավարության հասցեին, և ես որևէ ճնշում, անազատ վերաբերմունք խորհրդի կողմից անձամբ իմ նկատմամբ չեմ տեսել և հիմա էլ չեմ տեսնում։ Այսօր էլ Հոգաբարձուների խորհրդի որևէ անդամի կողմից էլ ես չեմ լսել որևէ թթու խոսք»։
Նա նշեց, որ ամեն դեպքում իր հրաժարականի պահանջի մեջ տեսնում է քաղաքական ենթատեքստ:
«Այո′, այստեղ կա նաև քաղաքական խնդիր։ Չեմ թաքցրել ու հիմա էլ չեմ թաքցնում՝ ես Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ եմ 1997թ. սկզբից, երբ այդ կուսակցությունը դեռ փոքրաթիվ էր։ Ընդունվել եմ այդ կուսակցության շարքերը, որովհետև ոչ թե երազում էի կարիերայի մասին, այլ որովհետև ես ունեմ գաղափարական հստակ մոտեցումներ՝ Նժդեհի ազգային-պահպանողական գաղափարների կողմնակիցն ու ջատագովն եմ:Կուսակցական եմ եղել և այսօր էլ կուսակցական եմ, բայց ես երբեք համալսարանականի իմ դերակատարումը չեմ խառնել իմ կուսակցական լինելու հետ։ Ոչ ոք ինձ դրանում չի կարող համոզել և ապացուցել։ Միշտ եղել եմ ու կլինեմ այն համոզման, որ ԵՊՀ-ն կուսակցական քարոզի, կուսակցական խաղերի և կուսակցական գործունեության տեղ չի ու չի կարող լինել ոչ մի կրթական հաստատություն», - ասաց նա: