Փոխվարչապետ Ավինյանը չի հակադարձել իր կուսակիցներին, որ մարիխուանայի օգտագործումը վատ է. մեկնարկել է Ավինյանն ընդդեմ լրատվամիջոցի դատական նիստը


Փոխվարչապետ  Ավինյանը չի հակադարձել իր կուսակիցներին, որ մարիխուանայի օգտագործումը վատ է. մեկնարկել է Ավինյանն ընդդեմ լրատվամիջոցի դատական նիստը
Փետրվար 14 15:00 2019

Այսօր Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում (Արտաշատի նստավայր) մեկնարկել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդդեմ «Politik.am» լրատվական կայքի պատասխանատու Բորիս Մուրազի Թամոյանի գործով դատական նիստը։   Նիստին, սակայն, ներկա չէր լրատվամիջոցի դեմ դատական հայց ներկայացրած փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Դատավոր Գևորգ Բալյանի նախագահությամբ դատական նիստում հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Կարապետյանը ներկայացրեց հայցի առարկան, պնդեց, որ իր վստահորդի մասին կայքը գրել է ոչ հավաստի և զրպարտություն պարունակող տեղեկություններ՝ գրելով, թե Տիգրան Ավինյանը և նրա մի քանի ընկերներ կառավարության աշխատակազմի իր գրասենյակում օգտագործել են մարիխուանա։

Պատասխանող կողմը՝ ի դեմս լրատվամիջոցի պատասխանատու Բորիս Մուրազիի և նրա փաստաբան Արման Գրիգորյանի, առարկեց և չհամաձայնեց հայցի հետ։

«Այս ամենը տեղավորվում է խոսքի ազատության համատեքստում», - հայտարարեց լրատվամիջոցի պատասխանատուի ներկայացուցիչ-փաստաբանը։

Բորիս Մուրազին հստակեցրեց, որ ի սկզբանե տեղեկությունը ճշտելու համար իրենք հարցում են արել Տիգրան Ավինյանի գրասենյակ, սակայն հարցմանը պատասխանելու փոխարեն, գրասենյակի հետ կապ չունեցող մեկը զանգել է Մուրազիին ու խնդրել, որ այդ տեղեկությունը չհրապարակվի։

«Եղել է թիմ, որի մի մասը մարիխուանայի օգտագործումը դատապարտելի չի համարել, և Տիգրան Ավինյանն էլ չի հակադարձել իր կուսակիցներին, որ մարիխուանայի օգտագործումը վատ է։ Բայց հայցում նշել է, որ դա անբարոյական, ապօրինի արարք է։ Եթե նա կընդունի, որ իր թիմակիցները անբարոյականության քարոզ են անում, մենք կարող ենք այդ դեպքում խոսել մեր սխալի մասին», - ասաց Մուրազին։

 Նշենք,որ հայցվորը պահանջում է լրատվամիջոցից հրապարակել հերքում և որպես նյութական փոխհատուցում՝ 2 մլն դրամ։ Նկատենք, որ ավելի վաղ Ավինյանը հայտարարել էր, որ դատարանի դրական որոշման դեպքում այդ գումարը կուղղի ուսանողների ուսման վարձը մուծելուն։