Գիշերվա 4:30 էր։ Արթնացել եմ տղամարդկանց բարձր ձայներից. Տաթևի կալանավորված ղեկավարի դստեր ահազանգը


Գիշերվա 4:30 էր։ Արթնացել եմ տղամարդկանց բարձր ձայներից. Տաթևի կալանավորված ղեկավարի դստեր ահազանգը
Սեպտեմբեր 4 09:40 2025

Տաթևի՝ կալանավորված ղեկավար Գոռ Մինասյանի դուստրը՝ Մելինե Մինասյանն ահազանգում է, որ երեկ վաղ առավոտյան, երբ ընտանիքի անդամները քնած են եղել,  մի խումբ ոստիկաններ ներխուժել են տուն խուզարկություններ իրականացնելու։ Ֆեյսբուքյան իր էջում նա երեկ գրել է.

«Այսօր գիշերվա 4:30 էր։ Արթնացել եմ տղամարդկանց բարձր ձայներից, մինչև բացել եմ աչքերս, գլխավերևումս տեսել եմ 4 տղամարդկանց, բարձր ձայներից արթնացել են նաև ինձնից փոքր քույրերս և 3 տարեկան եղբայրս։ Սկսել են տակնուվրա անել սենյակը, գնացել կողքի սենյակ, դուրս եմ եկել հյուրասենյակ, որտեղ ևս 3 տղամարդիկ քաշքշում էին պապիկիս, ով հիմա տառապում է մահացու հիվանդության ցավերից և ով հիմա իմ խնամակալն է։ Տուն ներխուժած տղամարդիկ չեն ներկայացրել տան խուզարկման որևէ փաստաթուղթ, ներկայացել են որպես ինչ-որ 6-րդ վարչության ներկայացուցիչներ։ Հայհոյախառն խոսակցություններից ու բարձր ձայներից վախեցած քույրերիս ու եղբորս մինչև հիմա չեմ կարողանում հանգստացնել։ Ասում էին, որ ամեն ինչ խլելու են մեզանից, որ հայրս փտելու է բանտում ։

Հայրս արդեն 78 օր է, ինչ գտնվում է անազատության մեջ՝ ապօրինի։ Ես 78 օր է մտածում եմ, թե ինչու եմ ծնվել մի երկրում, որտեղ արդարություն, արդարադատություն չկա։

Բժիշկս ասում է, որ անհապաղ պետք է վիրահատվեմ, 2 տարվա ընթացքում թվով 3-րդ անգամ։ Լինում են օրեր, երբ ոտքերս չափից դուրս թուլանում են, քայլելը դառնում է ցավոտ բեռ ինձ համար։ Բայց ես հրաժարվել եմ վիրահատությունից, հրաժարվելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ հայրս կողքիս չէ, որովհետև ինձ պետք չէ քայլել միայնակ, առանց հորս։ Հիմա միգուցե մտածեք, որ խաղում եմ կյանքիս հետ, վտանգի տակ դնում, բայց իմ կյանքն ու ապրելու իմաստը հայրս է….Հորս ապօրինի կալանավորելուց հետո, մենք մնացել ենք միայնակ, բոլորը փորձում են ամեն կերպ մեր կյանքը վերածել քաոսի, և ասեմ, որ նրանց մոտ ստացվում է. Ինձ, քույրերիս ու եղբորս միշտ ինչ-որ սև մեքենա է հետապնդում, որը ես ֆիքսել եմ տարբեր օրերի։

Հորս գործով վերջին դատական լսման ժամանակ հասկացել եմ, որ մենք միայնակ ենք, դատարանը, որ պետք էր պաշտպաներ արդարին՝ հորս, ակնհայտ անարդար որոշումներ էր կայացնում։

Ես այլ ելք չունեմ, դիմում եմ իմ այս գրածը կարդացող յուրաքանչյուրիդ, օգնե’ք ինձ, որպեսզի մեր երկրի Վարչապետը, Գլխավոր Դատախազը, Արդարադատության նախարարը և բոլոր այն մարդիկ, ովքեր մտածում են , որ մեր երկիրը դարձնեն ավելի արդար, ավելի ապահով, ավելի լավը, կարդան իմ գրածը ու ինձ վերադարձնեն հորս և ապահովեն, որ ես, քույրերս ու եղբայրս առանց վախի, առանց սթրեսի ապրենք մեր մանկություն»։