Ես կորցրել եմ ընկերներ, եթե կորցրած չլինեի իմ գործընկերին և ընկերներին, գուցե իմ դիրքորոշումն այլ լիներ, կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է կրի օրենքով նախատեսված իր պատիժը: Այս մասին այսօր ՊՊԾ գնդի զավթման գործով դատարանում ցուցմունք տվեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով գնդի զավթման օրերին Երևանի փոխոստիկանապետն էր, նա գործով տուժողի կարգավիճակ ունի:
Դատավոր Մակյանի հարցին, թե այսինքն՝ կարող է դատարանն արձանագրել, որ Օսիպյանն առարկում է այս գործով կոնկրետ տասը ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառել, ոստիկանապետը պատասխանեց՝ այո:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մակյանի նախագահությամբ, քննվում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործը: