Չարի դեմ այս պայքարում ևս մեկ ճակատամարտ պարտվեցինք, բայց հաղթանակն այլընտրանք չունի․ Բագրատ Սրբազան


Չարի դեմ այս պայքարում ևս մեկ ճակատամարտ պարտվեցինք, բայց հաղթանակն այլընտրանք չունի․ Բագրատ Սրբազան
Օգոստոս 28 19:20 2025

Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը` ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից.

Դուք թաթախեցիք ձեր ձեռքերը արդարների արյան մեջ

Օգոստոսի 21-ին ևս մեկ ավելորդ անգամ փաստվեց ՀՀ արդարադատության չգոյությունը։ Եվ դեռ ավելի ցնցող էր «մեղադրական» եզրակացությունների ուղղակի պատճենված լինելը։ Իսկ Աղվան Արշակյանի դեմ գիշատչային դրսևորումը լիովին արտահայտեց «մեղադրող» կոչվածների դահճային հոգին՝ ամեն գնով ծառայել տիրոջը՝ ուրիշների կյանքի հաշվին իրենց «տունը պահելով»։ Դուք այս օրերին ձեր ձեռքերը թաթախեցիք արդարների արյան մեջ…

Այսու, չարի դեմ այս պայքարում ևս մեկ ճակատամարտ պարտվեցինք, սակայն վստահեցնում եմ, որ հաղթելու ենք պատերազմում՝ որպես բարու, արդարության, ճշմարտության և սիրող հաղթանակ։

Մեր կյանքի թիվ 1 ահաբեկիչը գողացել է իմ, մեր կենսագրությունը, բայց դուք ձեր անարդարությամբ և ապօրինությամբ հարստացնում եք այն։

Եվ հետևաբար «քավ լիցի ինձ պարծենալ այլ բանով, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչն է, որով աշխարհը խաչված է ինձ համար, իսկ ես՝ աշխարհի»։

Ի վերջո և փառք Աստծո, դուք մեզ հավասարապատիվ դարձրեցիք առաքյալներին, մարգարեներին, մեր հայրերին և հենց այսօր Բաքվի բանտերում տառապանքով անցնող մեր եղբայրներին և հենց Իրեն՝ մեր Տեր Հիսուսին, ովքեր դատվում էին այսպես կոչված պետական իշխանությունը յուրացնելու մեղադրանքով։

Եվ դարձյալ պիտի կրկներմ՝ մեզ համար պատիվ է և նախընտրություն այս ճանապարհն անցնել մեր հայրերի հետ, քան բաժին ունենալ ուրացողների հետ։

Սուրբ Ներսես Շնորհալու հետ մենք էլ կրկնում ենք.

«Չար մշակողին, չար սերմանց նորին չորացո զպըտուղն» և սաղմոսի պատգամով.

Նրանք փոշի կդառնան հողմի առջև և Տիրոջ հրեշտակը կնեղի նրանց։

Նրանց ճանապարհները խավարի և գայթակղության մեջ կլինեն և Աստծո հրեշտակը կհալածի նրանց։

Եվ հետևաբար

Հաղթանակն այլընտրանք չունի…

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան