ԱԱԾ-ն Բագրատաշենի անցակետում գործել է իր իրավասությունների շրջանակում. Վանեցյանը պարզաբանել է ստեղծված իրավիճակը


ԱԱԾ-ն Բագրատաշենի անցակետում գործել է իր իրավասությունների շրջանակում. Վանեցյանը պարզաբանել է ստեղծված իրավիճակը
Փետրվար 1 16:00 2019

Ազգային անվտանգության ծառայությունը Բագրատաշենի անցակետում աջ ղեկով մեքենաների հետ կապված բողոքի ակցիայի ընթացքում գործել է իր իրավասությունների շրջանակում:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին փետրվարի 1-ին ասաց ԱԱԾ տնօրենԱրթուր Վանեցյանը:

«Բագրատաշենի անցակետի համար մեր տարածած հայտարարությունը վերաբերում էր կոնկրետ մեր գործառույթներին: Այսինքն` սահմանին վերահսկողության գործառույթն իրականացնելուն, որը դրված է Ազգային անվտանգության ծառայության վրա, այդ մեքենաների կուտակումը խոչընդոտ էր ստեղծում: Այնտեղ կուտակված են շուրջ 700-800 մեքենա, որոնց թիվն անընդհատ ավելանում է: Մենք կոչով դիմել ենք մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք իրենց մեքենաները հանեն այդ տարածքից, որպեսզի կարողանանք իրականացնել օրենքով վերապահված մեր լիազորությունները»,- ասաց Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ իրեն զեկուցել են անցակետի տարածքում ազատ գոտու մասին, որտեղ էլ կարող են ժամանակավորապես կայանվել սահմանին կուտակված աջ ղեկով մեքենաները:

«Այսօր ինձ զեկուցեցին, որ սահմանակետի կողքն ազատ տարածք կա, պետք է հիմա ՊԵԿ-ի հետ քննարկումներ իրականացնենք, փորձենք քաղաքացիներին հորդորել, որ իրենց մեքենաները տեղափոխեն ազատ տարածք, մինչև որոշումը կկայացվի աջ ղեկով մեքենաների ճակատագրի վերաբերյալ, և դրանից հետո քաղաքացիները կկարողանան իրենց մեքենաները ներկրել ՀՀ տարածք և մաքսազերծել»,- նշեց նա։

Արթուր Վանեցյանը հավելեց նաև, որ իրենք սահմանային գոտում իրավախախտումներ իրականացրած անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեն, բայց այդ իրավունքից չեն օգտվում: