Տեղեկացված էինք, որ «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» պես հաստատություն կա,որտեղ բուժվում են մեր զինվորները, վիրավորված զինվորականները, բայց տեսնել այս ամենը քո աչքերով եւ հասկանալ, թե ինչ է իրականում այստեղ արվում, իրոք շատ տպավորիչ էր: Այս մասին այսօր կենտրոն կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է կենտրոնում բուժում անցած զինվորականները աշխատանքի անցնեն ԱԱԾ–ում կամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, որին ի պատասխան Վանեցյանն ասաց.
«Նոր, որ շրջում էինք պարոն Մուրադյանի հետ, խոսեցինք այդ հարցի շուրջ։ Մենք մեծ սիրով ԱԱԾ–ում եւ ՀՖՖ–ում աշխատանքի կընդունենք այստեղ բուժում ստացած տղաներին»։
Հնարավոր է պահանջներ ներկայացնենք, թե ինչ հմտություններ են պետք ԱԱԾ–ում կամ ՀՖՖ–ում աշխատելու համար, կնախապատրաստեն, ուսումնական պրոցեսը կանցնեն և կգան աշխատելու։ Կարծում եմ՝ այդ համագործակցությունը կստացվի: Եթե առողջական խնդիրներից ելնելով՝ Պաշտպանության նախարարությունում չեն կարող աշխատել, ԱԱԾ–ում աշխատանքը իրենց համար ավելի շատ հետաքրքիր եւ ոգևորող կլինի»,–ասաց Վանեցյանը։