ՀՀ ոստիկանությունն արձանագրում է 2018 թվականին հանցագործությունների թվի աճ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը հայտնեց, որ անցյալ տարի գրանցվել է հանցագործությունների 11,2 տոկոսով աճ՝ 20284-ից մինչեւ 22551:
Ղուկասյանի խոսքով՝ աճը պայմանավորված է 2 հանցատեսակով: Առաջինը կոռուպցիոն բնույթի հանցագործություններն են (2017-ին՝ 634, 2018-ին՝ 2,5 անգամ ավելի):
Բացահայտվել է 5,7 մլրդ դրամի պատճառված վնաս: Ղուկասյանի կարծիքով՝ այսպիսի հանցագործությունների աճը պետք է լավատեսություն ներշնչի, այլ ոչ թե բնակչությանը մտահոգի: Իսկ ահա երկրորդ հանցատեսակն իսկապես մտահոգություն է առաջացնում՝ բնակարանային գողությունների թիվն աճել է գրեթե քառորդ մասով:
Արմեն Ղուկասյանը հավաստիացրեց, որ ոստիկանության նկատմամբ վստահությունը մեծացել է, եւ քաղաքացիները չեն խուսափում ոստիկանություն դիմելուց՝ 2017 թվականին ստացվել է 32 321 դիմում, 2018 թվականին դիմումների թիվն աճել է ավելի քան 9 հազարով: Ընդ որում՝ 20 տոկոսով կամ 807 դեպքով աճել է անցյալ տարիների փաստերով քաղաքացիների դիմումների թիվը:
Շտաբի պետը նաեւ ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ անկախության տարիներին պարբերաբար եղել են հանցավորության մակարդակի աճի կտրուկ ցատկեր: «Ոստիկանությունն ամբողջությամբ տիրապետում է օպերատիվ իրավիճակը»,- շեշտեց Ղուկասյանը:
Ըստ նրա՝ գլխավորն այն է, որ 2018 թվականին հանցավորության ընդհանուր կառուցվածքում կրճատվել են մարդու, հասարակական կարգի, պետական կառավարման դեմ ուղղված հանցագործությունները: «2018 թվականին գրանցվել է վերջին 40 տարում սպանությունների նվազագույն ցուցանիշ՝ 235 դեպք: Կրճատվել են անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները»,- հայտնեց Ղուկասյանը:
Զուգահեռ գրանցվել է բացահայտումների մեծ թիվ. ավելի քան 74 տոկոս սպանություն հանցատեսակով, ավելի քան 60 տոկոս՝ ավազակային հարձակումների, ավելի քան 90 տոկոս՝ տրանսպորտային միջոցների առեւանգումների: Իսկ ահա բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը ցածր է՝ մոտ 20 տոկոս: