Ինչպես հայտնել էինք,տոներին ընդառաջ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կրճատումներ են եղել: Դերասանները, սակայն, նախապես այդ մասին չեն իմացել:Թեման դեռ շարունակում է թեժանալ,քանի որ թատրոնի ղեկավարությունը նշում է, թե կրճատումնրն արդարացված են, որին հակադարձում են կրճատված աշխատակիցները:
Թեմայի շուրջ Armday.am-ը զրուցել է թատրոնի արդեն նախկին ռեժիսոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանի հետ:
- Պրն. Գասպարյան, Արմեն Էլբակյանն ու տնօրեն Վարդան Մկրտչյանը Ձեզ չեն հանդուրժել թատրոնում, ինչն էլ կրճատման պատճառ է դարձել: Ի՞նչն է խնդիրը ե՞րբ եք նկատել, որ խանգարում եք ղեկավարությանը:
-Ես խանգարել եմ ղեկավարությանը Ա. Էլբակյանի գալու հենց առաջին օրվանից: Երբ փոխնախարարը նրան ներկայացնում էր ասաց, որ թատրոնում ոչինչ չի փոխվում, ուղղակի գեղարվեստական ղեկավարի հաստիք է ավելանում: Այսինքն ես իմ լիազորությունները պիտի իրականացնեի որպես գլխավոր ռեժիսոր, Ա. Էլբակյանն էլ` որպես գեղղեկ, որը որ նույն բանն է: Ու պարզ է, որ երբ մարդը անօրեն մի տեղ է հայտնվում, պիտի փորձի հնից ազատվել: Ինձ ազատման հիմք չկար, որ ինձ հանեին, նշանակեին Ա. Էլբակյանին, որը հովանավորությամբ մտավ թատրոն: Իմ մեջ հակառակորդ էր տեսնում և այս ընթացքում ամեն ինչ արեց, որ կամաց-կամաց ազատվի ինձնից; Ես արդեն շատ եմ խոսել այս ամենի մասին; Վ. Մկրտչյանը վերջին հարցազրույցում ասում է, որ ես ռևանշային ծրագրեր եմ մտածել, թունավորվել եմ և թունավորել: Եթե ես գործընկեր էի և իմ դեմ թշնամանք չկար, ինչու Ա. Էլբակյանը ծածուկ ինձ զրկեց գլխավոր ռեժիսորի լիազորություններից ու դարձրեց ռեժիսոր, իսկ ես նույնիսկ ծանուցում չստացա այդ մասին: Ես պատահական եմ իմացել այդ լուրը, հետո փորձել եմ պարզել, թե ով է եղել այդ մտքի հեղինակը; Նախարար Ա. Ամիրյանը պնդում էր, որ թատրոնն է որոշել, թատրոնում էլ ասում էին, թե նախարարի որոշումն է: Սա գործընկերայի՞ն վերաբերմունք է: Եվ ո՞վ է խոսում թշնամանքի մասին:
-Վարդան Մկրտչյանը նել է. որ Ձեզ աշխատանքից հեռացրել է անգօրծության պատճառով: Նշել է, նաև, որ Ձեր հաստիքի կարիքը չի զգացվում:
-Անամոթաբար ծիծաղելի մտքեր են արտահայտում, թե իբր չեմ արել բեմադրություն: Թողե՞լ են, որ անեմ: Ուղղակի զզվել եմ դրանց ստերից, այս ամենից արդեն վատ հոտ է գալիս: Հոգնել եմ ստերին պատասխան տալուց: Ե՞ս եմ իմ ներկայացումները հանել խաղացանկից: Վ. Մկրտչյանն ասում է, թե միայն նոր ներկայացումներով է զբաղվում: Իսկ որն է պատճառը, որ ապրիլին մի անգամ չի դրվում «Ոտքի, դատարանն է գալիս» ներկայացումը, բայց մի քանի անգամ դրվում է «Մուսա լեռան քառասուն օրը», որը ոչ մեկ տարի առաջ է բեմադրվել, ոչ նույնիսկ հինգ: Գուցե գործընկերային կլիներ, եթե մի օր մի ներկայացումը դրվեր, մի ուրիշ օր էլ` երկրորդը: Սա թշնամանք չէ ի՞նչ է: Ու, չգիտես ինչու, իրենց գալով իմ ներկայացումների գնողականության հետ խնդիրներ առաջացան…Իմ ամեն օր ստուդիայում դասավանդելը, թատրոն գալն այնքան էր այդ երկուսի համար անընդունելի, որ ստուդիայից էլ ինձ հանեցին: Ես ուսանողների հետ աշխատում էի Պիրանդելոյի պիեսի վրա: Սու՞տ է: Ոչ: Հոտն առան, որ լավ բան է ստացվելու, որովհետև արդեն կարծիքներ էին հնչում, որ այդ ներկայացումը կմտնի խաղացանկ: Սու՞տ է: Ոչ: Ու հենց այդ ժամանակ ինձ ստուդիայից հանեցին: Դրանից հետո էլ ասում են երեք տարի է գործ չեմ արել: Ինչ վերաբերվում է բեմադրիչի հաստիքին, չեմ կարծում, որ Սունդուկյանի թատրոնին պետք չէ ռեժիսորի հաստիք: Սունդուկյանի անվան թատրոնի բեմը խաղալիք չէ, փորձադաշտ չէ տնօրինության ազգականների և մտերիմների համար: Այդ հսկայական բեմին պետք է ծանոթ լինես, որ կարողանաս որևէ արժեքավոր բան ներկայացնես: Դրսից եկող ռեժիսորներ էլ են պետք, որ ձեռագրերի տարբերություն լինի, բայց նրանց ընտրության սկզբունքները պիտի փոխվեն… Իսկ եթե դու թատրոնի ներսում ունես մի մարդ, որը, ներողություն, բայց որակ է ներկայացրել բեմի վրա տարիներ շարունակ, ինչու ես փորձում նրանից ազատվել:
-Ձեր տղան շարունակում է աշխատել նույն թատրոնում: Ի՞նչ եք կարծում ինչո՞ւ նա հարվածի տակ չի ընկել, նրա նկատմամաբ ևս խտրականություն զգացվո՞ւմ է, գատկապես կրճատումներից հետո:
-Տղաս երկար տարիներ է աշխատում է թատրոնում: Նրա կարգը բարձր է: Չէին կարող վերցնել ու կրճատել, որովհետև այդ կարգում այլ դերասաններ էլ կան, նշանակում է բոլորին պիտի կրճատեին: Չեմ կարծում, որ մեծ ոգևորություն են ապրում թատրոնում իմ որդու ներկայությունից, բայց եթե նա էլ կրճատվեր, այս կրճատումներից էլ ավելի վատ հոտ կգար:
-Նշել եք նաև, որ թատրոնում քաղաքականացված ու «ծանոթ-խնամի-բարեկամ»-ական հարաբերութուններ են: Մի փոքր կմանրամասնե՞ք:
-Այո, ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ ուժեր են կանգնել գեղարվեստական ղեկավարի և տնօրենի թիկունքին, երբ նրանք եկել են թատրոն: Այդ մասին էլ եմ բավական խոսել: Արդեն ինձ թվում է բավական է, չեմ ուզում կրկնվել: Ու նաև տնօրենը հայտնում է, թե ես էլ եմ նշանակվել նախկին իշխանությունների ժամանակ: Ես երբեք չեմ ունեցել որևէ ապարատային հովանավոր: Թատրոնում աշխատել եմ և աշխատանքային տարիներիս ընթացքում դարձել եմ գլխավոր ռեժիսոր: Վ. Մկրտչյանը հայտնում է, որ այժմ ճնշումներ են գործադրվում իր վրա պետական ապարատից: Եթե չի ստում, թող անուններ նշի: Նաև հայտնում է, թե օպտիմալացում է կատարվում, նշում է , թե ում է կրճատել, բայց չի հիշատակում, թե ում են հաստիքներ տվել, ովքեր են այդ մարդիկ և որքանով են նորեկները մասնագիտորեն ավելի լավը, քան նրանք, ում իրենք աազատել են աշխատանքից: Խոսում է իմ անասելի բարձր աշխատավարձի մասին, բայց իմ տեղեկություններով իր բերած մարդիկ ոչ պակաս են ստանում: Կամ այդ ինչ օպտիմալացում է, երբ ամբողջ ընտանիքին մեկ օրում զրկում են աշխատանքից: Այդ ինչ օպտիմալացում է, որ կրճատվում է թատրոնը միջազգային հեղինակավոր բեմեր տարած ու, ներողություն, գնահատված բեմադրիչը:
-Վարդան Մկրտչյանը Ձեր կնոջ մասին հետևյալն է ասել. Տիգրան Գասպարյանի կինը, որն արտիստական ոչ մի նկարագիր չունի: Ես տեսել եմ նրան բեմում և ամաչել եմ, որ նման մարդ կա մեր դերասանական կազմում: Իսկ Տիգրան Գասպարյանի բերածները դեռ շատ ճանապարհ ունեն անցնելու: Այս մասին ի՞նչ կասեք:
-Ինքը ինձ համար շատ փոքր մարդ է, որ ես իր կարծիքը հաշվի առնեմ ու մեկնաբանեմ: Նա արվեստում դեռ ոչ ոք է, որ ուրիշների մասին էլ կարծիք հայտնի: Իր մասին երրորդ դեմքով խոսող անձը պիտի մի քիչ համեստություն ունենա:
-Եթե Թատրոնի ղեկավարությունը որոշր վերականգնել Ձեր հաստիքը, կվերադառնա՞ք:
-Թատրոնի ղեկավարությունը չի վերականգնի իմ հաստիքը: Եթե վերականգնվեմ, ես կվերականգնվեմ: