ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր տեղի է ունեցել 2026 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումը:
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտների բյուջետային հայտը ներկայացրել է նախարար Ժաննա Անդրեասյանը` ընդգծելով, որ հաջորդ տարվա բյուջեով ոլորտային պետական հատկացումները էական աճելու են:
Նրա խոսքով՝ հատկացումների աճ նկատվում է Կառավարության ծրագրի ողջ ընթացքում, իսկ 2026 թվականի բյուջեով նախատեսված է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացնել ավելի քան 200 միջոցառում՝ ընդհանուր շուրջ 420 միլիարդ դրամի չափով։ Սա կազմում է 2026 թվականի պետական բյուջեի հատկացումների մոտ 11.6%-ը։
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2025 թվականի համեմատ բյուջետային հատկացումների աճը կազմում է շուրջ 16%, իսկ 2021 թվականի համեմատ՝ 42%։ Կրթության ոլորտի պետական ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի շուրջ 3%-ը: «Ծախսերի շուրջ 85%-ը՝ 356 միլիարդ դրամ, ուղղվում է կրթության ոլորտին։ Սա նշանակում է, որ կրթության ոլորտի պետական ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի շուրջ 3%-ը, մինչդեռ 2021 թվականին այս ցուցանիշը կազմել է 2.3%։ Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Կառավարության գործունեության ընթացքում կրթության ոլորտի ծախսերը էապես աճել են: Թերևս չափազանցություն չի լինի ասել, որ անկախության շրջանում այս ոլորտներում այնքան ներդրում չի իրականացվել, որքան արվում է ներկա Կառավարության օրոք»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։










