Վայոց Ձորում բերման են ենթարկվել Էլեկտրահարման եղանակով ապօրինի ձկնորսության մասնակիցները. Ոստիկանություն


Վայոց Ձորում բերման են ենթարկվել Էլեկտրահարման եղանակով ապօրինի ձկնորսության մասնակիցները. Ոստիկանություն
Հունվար 23 12:36 2019

Ստացված տվյալներն իրացնելիս ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և ԲԸՊՏ Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցները հունվարի 23-ին` ժամը 00.45-ին, Մալիշկա գյուղի վարչական տարածքում գտնվող Արփա գետի «Պլատինա» կոչվող հատվածում հայտնաբերել և ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել 1975 թվականին ծնված Համլետ Պ.-ին և 1967 թվականին ծնված Կարապետ Գ.-ին:

ՀՀ ոտիկանությունից հայտնում են, որ նրանք ներկայացրել են 2 ռետինե պաշտպանիչ հագուստ, պայուսակ, որի մեջ եղել է մարտկոց, հոսանքի կարգավորիչ, 2 փայտյա ձող՝ վրան ամրացված մետաղյա օղ՝ ցանցով և մալուխներով:

Կարապետ Գ.-ն հայտարարել է, որ էլեկտրահարման եղանակով որսացել է ձկներ, դրանք պահել գետի ափին: Նշված վայրից ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված՝ իր բռնած 7 ձկները:

Նշված առարկաները և ձկները վերցվել են հետագա ընթացքը որոշելու համար:
Նախապատրաստվում են նյութեր: