ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) գլխավոր քարտուղար Նուրիդին Մուխիդինովին, ով Երևանում մասնակցում է ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով ԿՏՀ կոմիտեի 14-րդ նիստի աշխատանքներին:
Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորել է նման միջոցառման անցկացումը Երևանում, նշել, որ բարձր է գնահատում կոմիտեի կողմից կատարվող աշխատանքները, և ԿՏՀ-ի շրջանակներում նման միջոցառումների անցկացումը, անկասկած, մի շարք ուղղություններով կտա իր արդյունքները։
Նախարար Հակոբ Արշակյանն, ընդգծելով տեխնոլոգիաների զարգացման կարևորությունը, նշել է, որ ոլորտի հայեցակարգերն այնպես պետք է մշակել ու կառուցել, որպեսզի դրանք նպաստեն մարդկանց կենսակերպի բարձրացմանը:
ԿՏՀ-ի գլխավոր քարտուղարին ներկայացվել է նաև Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, ինչպես նաև նախարարության հետագա գործունեության տեսլականը։ Անդրադարձ է եղել համատեղ պիլոտային ծրագրեր իրականացնելու հնարավորություններին։
Նուրիդին Մուխիդինովը նախարարին ներկայացրել է ԿՏՀ-ի մի շարք բիզնես նախագծեր, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել Հայաստանում։
Նա նաև անդրադարձել է ԿՏՀ-ի կազմում գործող բարձր մակարդակի աշխատանքային խմբի գործունեությանը՝ առաջարկելով, որ Հայաստանը ևս ներգրավված լինի դրանում՝ նախարարի տեղակալի մակարդակով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Կողմերը հույս են հայտնել, որ արդեն ձևավորված փոխադարձ համագործակցությունն առաջիկայում ավելի կզարգանա ու կամրապնդվի։