Արագածոտնի մարզի Կայք գյուղի բնակիչը տուժել է վառարանին միացված գազի բալոնների պայթյունից


Արագածոտնի մարզի Կայք գյուղի բնակիչը տուժել է վառարանին միացված գազի բալոնների պայթյունից
Հունվար 21 22:06 2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 21-ին, ժամը 15:45-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Կայք գյուղի տներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Ինչպես  տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի նկուղային հարկում գտնվող գազի ինքնաշեն վառարանին միացված 60 և 80 կգ-անոց գազի բալոններից տեղի է ունեցել արտահոսք և պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման:

Պայթյունի հետևանքով վնասվել են տան պատուհանները և նկուղային հարկի դուռը: Տան բնակիչը՝ Զ. Հ.-ն (ծնված 1958 թ.), ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ: Շտապօգնության աշխատակիցները տուժածին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Փրկարարները նկուղից դուրս են բերել գազի բալոնները և կատարել հովացման աշխատանքներ: