Դատարանը գաղտագողի որոշում է կայացրել, չգիտենք՝ ինչ է քննարկվել դատական նիստում. փաստաբան


Դատարանը գաղտագողի որոշում է կայացրել, չգիտենք՝ ինչ է քննարկվել  դատական նիստում. փաստաբան
Հունվար 8 18:27 2019

Դեկտեմբերի 30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել: Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ: Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը:

«Գաղտագողի որոշում է կայացվել: Մինչ այս պահը ոչ ծանուցում ենք ստացել դատական նիստի մասին, ոչ  տրամադրել են նյութերը, որոնք, ենթադրաբար, ներկայացվել են դատարանին: Այսօր առվոտյան, երբ կապ հաստատեցի քննիչի հետ և պատրաստ էի մոտենալ, որպեսզի ստանամ ինձ հասանելիք  փաստաթղթերը և  պատրաստվեմ դատական նիստին,մինչ այս պահը  հնարավորություն չի տրվել ստանալ քրեական գործով տվյալ նյութերը: Որևէ կերպ ծանուցված չենք եղել, որ նման դատական նիստ է տեղի ունենալու, իսկ մինչ  այս պահը քննիչի կողմից մեզ հասանելիք փաստաթղթերն էլ չեն տրամադրվել: Միմյանց հետ համաձայնության գալով՝ ՀՀ դատարանը հայտնվել է իր  «բարձունքում»,-ասաց Միհրան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ ակհայտորեն խախտվել է քրեական դատավարության նորմերը, քանի որ հետախուզման մեջ գտնվող պաշտպանի մասնակցությունը նման միջնորդությունների քննարկմանը պարտադիր է:

«Նույն  գործով նույն քննիչը երկու օր առաջ հրաժարվել էր ոչ աշխատանքային ժամին  մասնակցել դատական նիստերին, սակայն այս պարագայում  հրատապություն ու անհրաժեշտություն դրսևորելով՝ դեկտեմբերի 30-ին նիստ է եղել: Մենք չենք կարողանում նյութերն ստանալ,  դատարանի որոշումը չենք ստացել և չգիտենք, թե  ինչ է քննարկվել այդ դատական նիստում»,- հավելեց փաստաբանը: 

Վահագն Հարությունյանի մեղադրանքը ՀՀ հատուկ քննչական ծառայությունը լրացրել է երկու նոր մեղադրանքներով: Մասնավորապես, Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): Վահագն Հարությունյանը ավելի վաղ որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ Մարտի 1-ի գործով կարեւոր ապացույցներ կեղծելու համար: Նրա նկատմամբ հետախուզումը չի դադարեցվել: