«Դիլիջան» ազգային պարկում ծառահատումները կրել են ցուցադրական բնույթ, ապօրինի անտառհատումը և տեղում գտնվող անձինք հայտնաբերվել են. Բննախ


«Դիլիջան» ազգային պարկում ծառահատումները կրել են ցուցադրական բնույթ, ապօրինի անտառհատումը և տեղում գտնվող անձինք հայտնաբերվել են. Բննախ
Հունվար 7 17:05 2019

ՀՀ բնապահապանության նախարարությունը պարզաբանել է «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատումների վերաբերյալ «Բնապահպանի տուն» ֆեյսբուքյան էջում տեղ գտած տեսանյութի վերաբերյալ: 

Նախարարության պարզաբանումը ներկայացնում ենք ստորև. 

««Բնապահպանի տուն» բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը իրականությունը խեղաթյուրելու, «Դիլիջան» ազգային պարկի վերջին ամիսների արդյունավետ և նվիրված աշխատանքը նսեմացնելու ակնհայտ միտում է հետապնդում։

«Մեծամասշտաբ ծառահատումներ» վերտառությամբ տեսանյութում նախաձեռնությունը մեղադրանքներ է ներկայացնում` նշելով, թե «Դիլիջան» ազգային պարկի Փիշիկ տեղամասում «կտրվել են բացառապես մեծ, թանկանոց և կահույքի համար հարմար ծառեր»: 
«Եթե սա աներ խեղճ գյուղացին, ապա վաղուց քթներից բերել էին թե անտառապահները և թե անտառի հաշվին բիզնես անողները, որոնց անունները Դիլիջանում բոլորը գիտեն,- նշում է նախաձեռնությունը,- մեզ շատ է հետաքրքրում, թե ինչպես տնօրինությունը չտեսավ ու հենց ամենասկզբում չկանգնեցրեց այս ավիրածությունը»։

Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Բնապահպանի տուն» նախաձեռնության պնդումները և տնօրինության մասին թափանցիկ ակնարկներն անընդունելի և անհեթեթ են և չեն համապատասխանում իրականությանը։

Ծառահատման դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կիրակի օրը, հատվել և վնասվել է մինչև 15 ծառ, կրել են ցուցադրական բնույթ, ապօրինի հատված ծառերը չեն տեղափոխվել, այլ ցուցադրաբար թողնվել են տեղում։

Ապօրինի անտառհատումը և տեղում գտնվող անձինք հայտնաբերվել և արձանագրվել են «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցների կողմից անմիջապես, նույն օրը և ըստ կարգի տեղեկացվել իրավապահ, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմիններին։ Դեկտեմբերի 28-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն ու ՀՀ բնապահպանության և ընդդերքի տեսչության աշխատակիցները կատարել են դեպքի վայրի զննություն:

Կարևոր է տեղեկացնել, որ 2017 թվականի ստուգումներով ազգային պարկում արձանագրվել էր մոտ 10 հազար ծառի ապօրինի հատման դեպք, ինչի արդյունքում պետությանը հասցվել էր 1 միլիարդ 600 մլն դրամի վնաս։ 2018 թվականի երկրորդ կիսամյակում իրավիճակը շեշտակի փոխվել է։ Նախորդ տարիների հազարավոր հատված ծառերի փոխարեն, արձանագրվել է մոտ 30 ծառի ցուցադրական և ապօրինի հատման դեպք, որոնք բոլորն արձանագրված և բացահայտված են ազգային պարկի կողմից։

Սա աննախադեպ ցուցանիշ է, որը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս տարբեր «շահառուների», որոնք նախկինում գոյատևում էին տարաբնույթ մոնիթրինգային և վերահսկողական գործառույթներ իրականացնելով։

«Բնապահպանի տուն» նախաձեռնությանը Բնապահպանության նախարարության համաձայնությամբ մոտ 15 միլիոն դրամ գումար է ստացել ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակներում, այլ ոչ թե արձանագրված և իրավապահ մարմիններին հանձնված ծառահատման դեպքը ակնհայտ կեղծ և իրականությունը աղավաղող տեղեկատվություն տեսքով տարածելու համար։

Բնապահպանության նախարարությունը կարևորում և շնորհակալ է յուրաքանչյուր ահազանգի համար, որի նպատակը բնությունը պահպանելն ու պաշտպանելն և չի կարող տեղավորվել տարաբնույթ շահերի տիրույթում»։