Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Իգոր Մոսայչուկը եւ քաղաքական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սեմչենկոն ծեծկռտուք են սարքել NewsOne-ի ուղիղ եթերում՝ «Ուկրաինական քաղաքականության էպիկենտրոն» հաղորդման ժամանակ։ Կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ Մոսայչուկը Սեմչենկոյին «ռուսական պրոպագանդիստ» է անվանել եւ մեղադրել, որ վերջինս աշխատում է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի եւ Կրեմլի փողերով։
Ի պատասխան այդ մեղադրանքի՝ քաղաքագետը ասել է, որ «հոգեխախտներով պետք է հոգեբույժները զբաղվեն»։ Պատգամավորը շարունակել է իր մեղադրանքները եւ ասել, որ ուզում է հեռանալ տաղավարից, իսկ Սեմչենկոն էլ հակադարձել է՝ ասելով, որ Մոսայչուկը հոգեկան հիվանդ է եւ անհասկանալի է, թե ինչպես է հայտնվել Ռադայում։ Այս խոսքերից հետո էլ սկսվել է ծեծկռտուքը պատգամավորի եւ քաղաքագետի միջեւ։