Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտված Գեղասահքի միջազգային միության (ISU) Գրան պրիի 2026 թվականի խաղարկության NHK Trophy հեղինակավոր մրցաշարում։
Ութ մարզական զույգերի պայքարում Հայաստանի ներկայացուցիչները հաջող էին մեկնարկել դեռևս նախօրեին՝ նոյեմբերի 27-ին կայացած կարճ ծրագրում։ Ակոպովա-Ռախմանին զույգը վաստակել էր 66,95 միավոր (37,02՝ տեխնիկական տարրերի, 29,93՝ ծրագրի բաղադրիչների համար՝ առանց տուգանային միավորների) և 0,61 միավորով բարելավելով Չինաստանի փուլում գրանցած իր արդյունքը՝ զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը։ Կարճ ծրագրից հետո առաջատարներն էին աշխարհի գործող չեմպիոններ, Գերմանիան ներկայացնող Միներվա Ֆաբիեն Հազե - Նիկիտա Վոլոդին զույգը (75,21 միավոր) և ճապոնացիներ Յունա Նագաոկան ու Սումիտադա Մորիգուչին (69,78 միավոր)։ Այսօր՝ նոյեմբերի 28-ին կայացած ազատ ծրագրի արդյունքներով հայաստանցի գեղասահորդները կարողացել են պահպանել տեղը լավագույն եռյակում և արժանանալ բրոնզե մեդալների։
Տոկիոյի NHK Trophy-ն Գրան պրիի ընթացիկ շարքի վեցերորդ՝ եզրափակիչ փուլն էր, որի արդյունքներով վեց ուժեղագույն մարզական զույգերը ուղեգիր են նվաճում դեպի Չինաստանի Չունցին քաղաքում կայանալիք Գրան պրիի եզրափակիչ։ Բրոնզե մեդալի համար Ակոպովան և Ռախմանինը վաստակել են 11 վարկանիշային միավոր՝ շարքն ավարտելով ընդհանուր 20 միավորով։










