Աշտարակի ոստիկանները մի քանի ժամում բացահայտեցին բնակարանային գողությունը (տեսանյութ)


Աշտարակի ոստիկանները մի քանի ժամում բացահայտեցին բնակարանային գողությունը (տեսանյութ)
Դեկտեմբեր 20 22:04 2018

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 17-ին ժամը 17։30-ին ոստիկանության Աշտարակի բաժին էր դիմել Արուճ գյուղի մի բնակիչ։ Տղամարդը հայտնում էր, որ դեկտեմբերի 15-ից դեկտեմբերի 17-ի ժամը 15-ն ընկած ժամանակահատվածում, բացել են իր տան առաջին հարկի պատուհանը, մտել ներս ու գողացել տարբեր կենցաղային իրեր։

Ոստիկանները տուժողից հաղորդում վերցրին և ձեռնամուխ եղան հանցագործության բացահայտմանը։

Աշտարակի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական հետևողական միջոցառումների արդյունքում, կարճ ժամանակ անց տեղեկություն ստացվեց, որ գողությունը հնարավոր է կատարած լինի տուժողի համագյուղացի՝ 31-ամյա Խաչիկ Գրիգորյանը։ Նույն օրը, գիշերը, նա հայտնաբերվեց Արուճ գյուղում և գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին։

Նա ոստիկաններին է ներկայացրել գողոնի մի մասը։ Ձեռնարկվում են միջոցառումներ ողջ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Տուժողին պատճառված վնասի ընդհանուր չափը պարզվում է։

Խաչիկ Գրիգորյանը ձերբակալվել է։

Կատարվում է նախաքննություն։