ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակվելու փաստը խիստ քննադատությունների է արժանացել։ Պատճառն այն է, որ նախկին իշխանությունները Արշակ Կարապետյանին զբաղեցրած պաշտոնից ազատել էին այն պատճառով, որ նա թերացել էր իր աշխատանքում։ Արշակ Կարապետյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատվել էր 2016թ. ապրիլյան պատերազմից անմիջապես հետո։
2018-ի փետրվարին նա նշանակվել էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ռազմական կցորդ։
Այն, որ Արշակ Կարապետյանը թերացել էր ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ խոստովանում են նաեւ իրենք՝ արդեն գործող իշխանությունները, դեռ ընդդիմադիր ժամանակ։ Մասնավորապես համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ու փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը քննարկում են, թե ինչպես է հնարավոր Արշակ Կարապետյանին նշանակել այլ պաշտոնի։Ի դեպ այդ խոսակցությանը ներկա է նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Փաստորեն Նիկոլ Փաշինյանը իր խորհրդականի պաշտոնին նշանակում է անձի, ում թերացման պատճառով է նաեւ հայկական կողմը տվել զոհեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր նաեւ «Հետք» էլեկտրոնային կայքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։ «ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել։ 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է։ Նա պիտի պատժվեր, նրան ընդամենն ազատեցին զբաղեցրած պաշտոնից։ Տարբեր ուղղություններով ադրբեջանական զինուժը գրոհ էր նախաձեռնել և ոչ մի հետախուզական տվյալ չկար։ Իսկ հիմա նա նորից ձիու վրա է, խելագարվելիք է»։
Նիկոլ Փաշինյանի նշանակումներն այլեւս հանրության շրջանում զարմանք չեն առաջացնում։ Ի վերջո հայ ժողովուրդը նախկին իշխանությունների օրոք այնպիսի արատավոր բարքեր է տեսել, որ նմանների կրկնությունը այլեւս ոչ թե զարմանք, այլ պարզապես հիասթափություն են առաջացնում։
Ներկայացնում ենք նաեւ «խորհրդավոր» գիշերվա զրույցը։