Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպել է նոր ձևավորված Սնանկության դատարանի դատավորների հետ: Ինչպես հայտնում են ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հանդիպում-խորհրդակցության ժամանակ քննարկվել են Սնանկության դատարանի կազմավորման և արդյունավետ գործունեության հետ կապված հարցեր:
Առանձնակի կարևորվել են նստավայրերի հստակեցման, աշխատակազմի և տեխնիկական վերազինման ապահովման, առկա գործերի բաշխման հետ կապված հարցերը: Քննարկմանը նորաստեղծ դատարանի դատավորներն իրենց նկատառումներն են ներկայացրել դատարանի նախագահի ընտրության առնչությամբ:
Խորհրդակցությունից հետո Բարձրագույն դատական խորհուրդը օրենքով սահմանված կարգով կազմակերպել է քվեարկություն՝ Հանրապետության նախագահին Սնանկության դատարանի նախագահի նշանակման առաջարկություն ներկայացնելու համար:
Քվեարկության արդյունքներով՝ թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չի ստացել: Կազմակերպվել է լրացուցիչ քվեարկություն, որի արդյունքում Սնանկության դատարանի նախագահ է ընտրվել Գարիկ Ավագյանը: