Նոյեմբերի 20-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Ստրասբուրգում հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդիին:
Ինչպես հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, արժևորելով ՄԻԵԴ հետ համագործակցությունը՝ Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ բազմակողմ հարթակներն առավել մեծ կարևորություն ունեն փոքր պետությունների համար՝ արտահայտելու ինքնիշխան հավասարությունը, իսկ այսօր, երբ բազմակողմ այս հարթակն առերեսվում է նոր մարտահրավերների, առավել արդիական է դառնում համընդհանուր շահերի առաջմղման շուրջ համագործակցության կարևորությունը:
Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ մարդու իրավունքների պաշտպանության այս համակարգը բացառիկ է և կարող է իրապես արդյունավետ լինել միայն գործուն ժողովրդավարության պայմաններում: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՄԻԵԴ հետ Հայաստանի համագործակցության խորացման և արդյունավետության առավել բարձրացման վերաբերյալ:
ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին զարգացումները: Նա նաև անդրադարձ է կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշմանը և մոտեցումներին։
Ներկայացնելով անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի դեմ Ադրբեջանում դատական գործընթացը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ դատապարտելի է միջազգային հումանիտար իրավունքի խախտմամբ առողջական ակնհայտ խնդիրներ ունեցող անձի ներգրավումը դատական գործընթացում, որը ֆարսի վերածելով՝ փորձ է արվում հավասարության նշան դնել անմեղ մարդու և իրական մարդասպանների միջև:
Դատապարտելի է առողջական ակնհայտ խնդիրներ ունեցող անձի ներգրավումը դատական գործընթացում. Զ. Մնացականյանը ՄԻԵԴ նախագահին ներկայացրել է Կարեն Ղազարյանի հարցը

