Նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ Արմավիրի նորանշանակ մարզպետ Համբարձում Մաթևոսյանին` ուղեկցությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի:
Նորին Սրբությունը նորանշանակ մարզպետին իր բարեմաղթանքներն է փոխանցել` վստահություն հայտնելով, որ Մայր Աթոռի և մարզպետարանի միջև ձևավորված սերտ գործակցությունը կշարունակվի արդյունավորվել նոր կենսագործումներով:
Վեհափառ Հայրապետը մարզպետին է ներկայացրել մարզի տարածքում սոցիալական, կրթական և այլ ոլորտներում Մայր Աթոռի և Արմավիրի թեմի գործունեությունը:
Իր հերթին պրն. Համբարձում Մաթևոսյանը Նորին Սրբությանը ներկայացրել է մարզում իրականացվելիք առաջնահերթ ծրագրերը, ինչպես նաև կարևորել է տարբեր բնագավառներում Հայոց Եկեղեցու հետ համագործակցությունը:
Վերջում, իր գնահատանքը բերելով մարզպետին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան մաղթել է Աստծու օրհնության ներքո պատվով իրականացնել իր ծառայությունը:
