ՀՀ փոխվարչապետերից Տիգրան Ավինյանը դատական հայց է ներկայացրել Politik.am լրատվական կայքին։ Հիշեցնենք, որ Politik.am-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրել էր, թե շաբաթներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի, կառավարությունում մարիխուանա է օգտագործել։ Կայքի փոխանցմամբ միջադեպի մասին իմացել է Նիկոլ Փաշինյանը, սակայն փոխվարչապետին չի պատժել:
Երեկ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան խմբում տեղեկացրեց, որ պատրաստվում է դատի տալ կայքին՝ կեղծ տեղեկություններ տալու համար: Նա նաեւ նշել է, որ նմանատիպ իրավիճակներում պահանջելու է ոչ միայն զրպարտություն համարվող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքում, այլև փոխհատուցում, որն ուղղելու է լրագրության ֆակուլտետներում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների վարձերի վճարմանը։
Armday.am-ի հետ զրույցում Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին նշեց, որ տեղեկությունը ստացել է շատ վստահելի աղբյուրից. «Հոկտեմբերի 24-ին շատ վստահելի աղբյուրից տեղեկանում եմ միջադեպի մասին, բայց չէի կարող միանգամից գրել: Հոկտեմբերի 25-ին հարցում եմ պատրաստում և ուղարկում փոխվարչապետ Ավինյանի գրասենյակին: Հարցումս տեսել եմ ես և ենթադրում եմ՝ գրասենյակի աշխատակիցները: Ժամեր անց ինձ հետ կապ է հաստատում մի մարդ, ում հետ անձնական հարաբերություններ ունեմ (նախկին իշխանությունների հետ սերտ կապ ունեցող մարդ) ու խնդրում չհրապարակել տեղեկատվությունը՝ բնականաբար ես մերժում եմ նրա խնդրանքը: Այստեղ ես հասկանում եմ, որ ստացածս տեղեկությունը առավել քան ճիշտ էր ու ստացած զանգը դրա վառ ապացույցն էր և հրապարակում եմ այն: Իհարկե այդ անձի հետ խոսակցությունը կամ նամակագրությունը չեմ հրապարակի, քանի որ դա կոռեկտ չեմ համարում»:
Բորիս Մուրազին հայտնեց, որ իրենք են ստիպել Ավինյանին դիմել դատարան, եւ դատարանում կապացուցվի տեղեկատվության ճշմարտացիությունը։ «Փոխվարչապետ Ավինյանը չի կարողանա ուրախացնել լրագրության ֆակուլտետի գերազանցիկ ուսանողներին, կամ համենայնդպես մեր հաշվին չի ուրախացնի»,- ասաց կայքի խմբագիրը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ առաջարկվող տեսանյութում։