«Հերոսն ու հերոսուհին» չեն ճանաչում իրենց ԲՈւՀ-ի դասախոսներին. Ն. Վանեսյան (տեսանյութ)


«Հերոսն ու հերոսուհին» չեն ճանաչում իրենց ԲՈւՀ-ի դասախոսներին. Ն. Վանեսյան (տեսանյութ)
Հոկտեմբեր 26 15:05 2018

Այսօր համացանցում է հայտնվել Բժշկական համալսարանում դիպլոմների արարողության ժամանակ տեղի ունեցած սկանդալային միջադեպի տեսագրությունը, որտեղ, ինչպես նշված է, Նարեկ Վանեսյանը հրում է դասախոսին:

Հետևողական լինելով թեմայի զարգացումներին՝ ArmDay.am-ը  Հոգեկան առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ն. Վանեսյանից պարզաբանում է ստացել տեսանյութի հետ կապված:

««Հերոսն ու հերոսուհին» չեն ճանաչում իրենց ԲՈւՀ-ի դասախոսներին: Քանի որ արդեն մեր հիշարժան երեկոն փչացրել էին, խնդրել եմ գոնե համակուրսեցիներով մեկ լոսանկար ունենալ, սակայն դրան ևս, փորձեցին խանգարել: Այդ ժամանակ ձեռքից բռնել ու այլ կողմ եմ ուղղորդել այդ մարդուն»,-ասաց Վանեսյանը:

Նրա խոսքով՝ տեսանյութում  երևացող մարդը, ում ինքը հրում է, դասախոս չէ:

«Նա դասախոս չէ, այլ ծրագրի ղեկավարի օգնական է: Նրանք,  որպես ռեկտոր, աշխատակազմի ղեկավար կամ այլ պաշտոնյա այնքան անուշադիր են եղել մեր ծրագրին, որ դասախոսներին էլ չեն ճանաչում. ամոթ է»,-ասաց  նա:

Ն. Վանեսյանը հավելեց, որ իրեն տեղեկացրել են, որ էթիկայի հանձնաժողովում հարց են ուզեցել բարձրացնել նրան դիպլոմից զրկելու համար:

«Նշեմ,  որ դա նրանց վախճանը կլինի, որովհետև «հերոսն ու հերոսուհին» մոռացել են, որ ի տարբերություն իրենց ԲՈՒՀ-ի, սա նոր Հայաստանն է և կհանդիպենք դատաիրավական հարթությունում, որտեղ կտուժեն այնպես, ինպես այս օրերին սկսել են հերքել իրենց հայտարարության որոշ տեքստեր։  Ընդհանուր առմամբ, ափոսում եմ, որ այսպես ստացվեց: Եթե ԲՈւՀ-ի ներսում խնդիր կար, դա պետք է լուծվեր ԲՈւՀ-ի ներսում, ոչ թե հանրայնացվեր։ Դա ևս մեկ անգամ վկայում է նրանց ոչ կոմպետենտության մասին։ Հուսամ՝ կվերանայեն իրենց գործելաոճը և կավարտվի իրենց  կազմակերպած այս խրախճանքը»,-շեշտեց Վանեսյանը: