ԱՆ կողմից դեղերի ձեռքբերումն առավել արդյունավետ պետք է դառնա ՄԱԶԾ հետ գործակցությամբ


ԱՆ կողմից դեղերի ձեռքբերումն առավել արդյունավետ պետք է դառնա ՄԱԶԾ հետ գործակցությամբ
Հոկտեմբեր 23 21:55 2018
Առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով դեղերի ձեռքբերման գործընթացն առավել դյուրին, թափանցիկ ու շահավետ կազմակերպելու հարցեր են քննարկվել նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինի հանդիպման ժամանակ: 
 
ՄԱԶԾ-ն աշխատում է պետությունների հետ` պետական գնումների ոլորտում արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի դեմ պայքարելու, ֆոնդի կառավարման ժամանակակից թափանցիկ մեխանիզմների ստեղծման ուղղությամբ:  Առողջապահության ոլորտի պետգնումների բարեփոխումներին աջակցելը ներառում է կայուն գնումների պրակտիկայի ներդրում, թվային մոնիթորինգի և գնումների համակարգի զարգացում: Կողմերը քննարկել են նշված և այլ ուղղություններով հետագա անհրաժեշտ քայլերը:
 
Թորոսյանը հետաքրքրվել է ՄԱԶԾ միջոցով մի շարք դեղերի շարունակական ու շահավետ պայմաններով կենտրոնացված գնումներով ձեռքբերման հնարավորությամբ` առանձնացնելով մանկական ուռուցքաբանական դեղերը, ինսուլինը, դիաբետոնը և ոչ միայն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել հանգամանորեն քննարկել անհրաժեշտ մի շարք դեղերի ձեռքբերման տարբերակները` հիմք ընդունելով դրանց երաշխավորված որակն ու մատչելիությունը: 
 
Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է առողջապահական գերատեսչության հստակ նպատակադրումը` առավել արդյունավետ գնումների միջոցով ապահովել հանրային առողջության համար անհրաժեշտ դեղերի ավելի լայն տեսականի ու առավել մեծ քանակ: 
 
Ի պատասխան Դմիտրի Մարիյասինի` Հայաստանում դեղերի կեղծման վերաբերյալ հարցման` Թորոսյանը շեշտել է, որ երբեմն չափազանցված պատկեր է ներկայացվում, սակայն իրական պատկերը ճշգրտելու, դրա դեմ քայլեր ձեռնարկելու և հանրության իրազեկման մակարդակը բարձրացնելու հարցում պատրաստ են գործակցել ՄԱԶԾ-ի հետ: