Աջ ղեկով մեքենաների ղեկի տեղափոխությունը վտանգավոր է. փորձագետ


Աջ ղեկով մեքենաների ղեկի տեղափոխությունը  վտանգավոր է. փորձագետ
Հոկտեմբեր 22 13:30 2018

Աջ ղեկով մեքենաների ներմուծման հետ կապված կրկին իրարանցում է ստեղծվել: Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն ` մինչև 2020 թվականը ԵԱՏՄ բոլոր երկրներում պետք է արգելվի աջակողմյան տեղաբաշխմամբ մեքենաների ներկրումը: Մինչ այդ, աջ ղեկով մեքենաներ ներկրողները ստիպված են փոխել ղեկի տեղը, ինչ իր հերթին,  գլխացավանք էր դարձել հայ վարորդների համար, սակայն ուրախացրել էր ղեկի տեղափոխությամբ զբաղվող վրացի մասնագետներին։

Այնուամենայնիվ, մարդիկ շարունակում են աջ ղեկով մեքենաներ գնել, քանի որ դրանք ավելի էժան են։

Վարորդներից շատերը ղեկը փոխում են Վրաստանում։ Իսկ ժամանակավոր համարանիշով ավտոմեքենան հարևան երկրում 60 օր գտնվելու իրավունք ունի, իսկ նշված ժամկետը լրանալուն պես հայ վարորդները ստիպված են յուրաքանչյուր օրվա համար 5-10 լարի վճարել:

 

Վրացի մասնագետները, իմանալով, որ աջ ղեկով մեքենաները հնարավոր չէ անցկացնել Հայաստանի տարածք, կրկնակի բարձրացրել են ղեկը տեղափոխելու գները։ Մեքենաները հերթ են կանգնում, կա՛մ վարպետները չեն հասցնում, կա՛մ պահեստամասերի հետ կապված խնդիրներ են առաջանում, և հայ ավտոմոբիլիստները 60 օրից շատ են մնում հարևան երկրում։

Փորձագետ Արթուր Միսակյանը նշեց, որ աջ ղեկով մեքենաների արգելման հիմնավորումները անհիմն են և աղերս չունեն իրականության հետ:

Autocom Japan ճապոնական ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արտյոմ Հակոբյանի խոսքով՝ իրենց կազմակերպությունը մեքենաների վերավաճառքով չի զբաղվում, պարզապես օգնում է մարդկանց Ճապոնիայից ներկրել մեքենաներ:

«Մարդիկ իրենք են ընտրում՝ ինչ մեքենա գնել, և նրանց իրավունքն է նաև հետո այն վերավաճառեն, թե ոչ:  Իսկապես, ճապոնական մեքենաները որակապես լավն են և առավել մատչելի,  շատ հաճախ, մարդիկ այդ մեքենաները գնում են անձնական շահագործման համար»,-աասաց նա:

Փորձագետ Արթենյան Արտաշեսը շեշտեց, որ աջ ղեկի տեղափոխման աշխատանքները գործարանային պայմաններում  չեն կատարվում և այդ պայմաններում ղեկը  փոխած մեքենաների շահագործումը ռիսկային է:

Նշենք նաև, որ մամուլում տեղեկություններ կան, որ  հայ օլիգարխներից մեկ-երկուսը պլանավորել էին  Վրաստանում և Հայաստանում բացել ղեկը փոխելու ծառայություններ, որոնց կտրվեին մենաշնորհ լիցենզիա, և միայն այդ կազմակերպությունում ղեկը փոխած մեքենաները կարող էին անցնել տեխզննում և ստանալ կտրոն:

Այս ամենը չիրականացավ, քանի որ  ուրբաթը շաբաթից շուտ եկավ և տեղի ունեցավ հեղափոխություն:

Փորձագետները  նշեցին, որ շարունակելու են պաշտպանել իրենց հաճախորդների շահերը և պատրաստվում են հերթական անգամ նախարարի հետ հանդիպել և խնդրի համար պատշաճ լուծում պահանջել: