Զ. Մնացականյանը Մոլդովայի իր գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումները


Զ. Մնացականյանը Մոլդովայի իր գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումները
Հոկտեմբեր 9 18:42 2018

Հոկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 35-րդ համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացիայի նախարար Տուդոր Ուլյանովսկիի հետ: 

Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարների ուշադրության կենտրոնում էին երկու երկրների միջև հարաբերությունների օրակարգային հարցերը: Երկուստեք ընդգծելով վերջին շրջանում հայ-մոլդովական հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնման ուղղությամբ շարունակական և հետևողական աշխատանք իրականացնելու անհրաժեշտություն: 

Զոհրաբ Մնացականյանն իր մոլդովացի գործընկերջը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումները և իրականացվող բարեփոխումների գործընթացը։ Ընդծելով նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման օրակարգը որպես կառավարության ծրագրային առաջնահերթություն՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կարևորել է այս ուղղություններով երկկողմ համագործակցության խթանումը և համատեղ ծրագրերի իրականացումը:

 
 


ՖՄԿ նախարարական 35-րդ համաժողովի և 17-րդ գագաթաժողովի աշխատանքների և միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպման շուրջ զրույցի համատեքստում՝ Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել այդ շրջանակներում նախատեսվող որոշումների և փաստաթղթերի վերաբերյալ: 

Զրուցակիցները որպես երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխգործակցության կարևոր հարթակ նշել են բազմակողմ ձևաչափը՝ այդ առնչությամբ մասնավորապես առանձնահատուկ ընդգծելով Արևելյան գործընկերության շրջանակը։

Նախարար Մնացականյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումներն ու առաջնահերթությունները միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ, անդրադարձ կատարեց հայկական կողմի դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: