Հրապարակվել է Փաշինյանի և Ծառուկյանի միջև ստորագրված հուշագիրը (Տեսանյութ)


Հրապարակվել է Փաշինյանի և Ծառուկյանի միջև ստորագրված հուշագիրը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 8 20:30 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև ստորագրվել է հուշագիր՝ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի կողմից և ՀՀ ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը, ի դեմս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ մյուս կողմից (այսուհետ Կողմեր)՝ շահագրգռված լինելով ՀՀ-ում ժողովրդաիշխանության հաստատման գործում, ստորագրում են սույն հուշագիրը՝ ներքոշարադրյալի վերաբերյալ։

  1. Կողմերը համակարծիք են 2018 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։
     
  2. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը և ԱԺ արձակմանը հասնելու նպատակով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը, որպես հեղափոխության աջակից ուժ, պարտավորվում է ՀՀ վարչապետի թեկնածու չառաջադրել, չաջակցել վարչապետի որևէ թեկնածուի։ Ինչպես նաև խմբակցության պատգամավորները չեն մասնակցի ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու որևէ նախաձեռնության։
     
  3. Կողմերը պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտության և փոխադարձ հարգանքի հիման վրա՝ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված մյուս պայմանների պահպանմամբ։
     
  4. Կողմերը պատրաստակամ են համատեղ աշխատել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու Հայաստանի և Արցախի անվտանգությունն ամրապնդելու, Սփյուռքի հետ արդյունավետ համագործակցությունը խորացնելու, Հայաստանում օտարերկրյա ներդրումների իրականացմանը նպաստելու, երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ։
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
 
ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան»։