ՀՀ քննչական կոմիտեի քննիչի պաշտոնը զբաղեցնելու համար թեկնածուներն անցնում են բարդ և տևական ընթացակարգ, և նման մոտեցումը լրացուցիչ բարդություններ է ստեղծում քննչական կոմիտեում ծառայության անցնելուն հավակնող անձանց համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ քննչական կոմիտեում անցկացված Կոմիտեի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում այս մասին նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
«Քննչական կոմիտեում ծառայության անցնելու գործող ընթացակարգը ստիպում է տարեկան 3-4 անգամ կազմակերպել լրացուցիչ քննություններ, սակայն անգամ այդ պայմաններում չի հաջողվում նշանակումներ կատարել թափուր հաստիքներում: Ներկայումս քննչական կոմիտեում կա քննիչի 31 թափուր հաստիք: Քննիչների թվաքանակի նվազումը՝ մի կողմից, թափուր հաստիքների առկայությունը՝ մյուս կողմից, ազդում են քննիչների ծանրաբեռնվածության, հետևաբար՝ նախաքննության արդյունավետության և որակի վրա: Այդ պատճառով իմ հանձնարարությամբ մշակվել է օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» և «Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքներում»,- ասաց Գրիգորյանը:
Մեկ այլ առաջարկվող փոփոխությամբ՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 522-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով, նախատեսվում է ստեղծել ընտրական իրավունքի իրականացման հետ կապված հանցագործությունների քննության մասնագիտացված վարչություն, համալրել նշված վարչությունը համապատասխան հաստիքներով, ինչը հնարավորություն կտա ընտրախախտումների վերաբերյալ ենթադրյալ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերի քննությունը կատարել մասնագիտացված քննիչների կողմից:
«ՀՀ քննչական կոմիտեի քննիչները բավականին երիտասարդ են, և նրանց հետ պետք է տարվի մեթոդական, կազմակերպչական և դատավարական բնույթ ունեցող ամենօրյա աշխատանք՝ քննության տակտիկային և մեթոդիկային տիրապետելու, հանցագործությունների բացահայտման գործում օպերատիվ-հետախուզական, փորձաքրեագիտական և մյուս մարմինների հետ պատշաճ համագործակցություն ապահովելու, դատավարության մասնակիցների իրավունքները հարգելու, օրենսդրական փոփոխություններին իրազեկ լինելու, կոնկրետ հանցատեսակների քննության մեջ մասնագիտանալու ուղղությամբ»,- եզրափակեց Գրիգորյանը: