9 ամսում ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար մեղադրվող 124 անձ է զորակոչվել ՀՀ զինված ուժեր


9 ամսում ժամկետային  զինվորական ծառայությունից  խուսափելու  համար  մեղադրվող 124 անձ է զորակոչվել ՀՀ զինված ուժեր
Հոկտեմբեր 8 18:53 2018

Քննչական կոմիտեում  տարբեր քրեական գործերով քննիչները այս տարվա առաջին 9 ամիսներին կատարել են 845 խուզարկություն, ձերբակալել՝ 172 անձի, 1335-ը ներգրավվել է որպես մեղադրյալ, որից 101-ը՝ պաշտոնատար անձ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ  քննչական կոմիտեում անցկացվող Կոմիտեի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին այս մասին նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

 

«Վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա՝ 147 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 35 պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվել է դատավարական հարկադրանքի այլ միջոց՝ պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում, հանցագործությունների նախականխման, դրանց հանգամանքները վերացնելու ուղղությամբ համապատասխան մարմիններին ներկայացվել է 94 միջնորդագիր, ձեռնարկված բացատրական աշխատանքների արդյունքում քննչական բաժիններ է ներկայացել հետախուզման մեջ գտնվող 194 մեղադրյալ, ընդ որում՝ ժամկետային զինվորականծառայությունից խուսափելու համար մեղադրվող 124 անձինք զորակոչվել են ՀՀ զինված ուժեր»,- տեղեկացրեց Գրիգորյանը:

 

Նրա խոսքով` քննչական մարմինների գործունեության արդյունավետությունն էապես կախված է նաև օպերատիվ-հետախուզական  մարմինների    իրավապահ  բոլոր  մարմինների միջև համագործակցության որակից:

 

«Նախաքննության և հետաքննության մարմինների, գործընկեր կառույցների միջև համագործակցության արդյունավետությունը էապես բարձրացել է: Յուրաքանչյուրը, գիտակցելով իրավապահ համակարգում իր գործառույթները, ձգտում է հնարավորինս բարեխղճորեն կատարել իր պարտականությունները։ Սա այն դեպքն է, երբ, կարծում եմ,  չարաշահումները բացահայտելու ուղղությամբ   գերատեսչական առողջ մրցակցությունն ունենում է բացառապես դրական արդյունք»,- նշեց Գրիգորյանը:

 

Քննչական կոմիտեն ժամանակին համընթաց քայլելու և կոմիտեին ներկայացվող պահանջները լավագույնս կատարելու համար մշակել է գործող օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ մի շարք օրենքների նախագծեր:

 

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եռակի աճել են քննիչներին վարույթից հեռացնելու դեպքերը: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը թույլ է տալիս հետաքննության մարմնի աշխատակցին, քննիչին հեռացնել տվյալ գործով քրեական դատավարությանը մասնակցելուց, եթե գործի քննության ընթացքում թույլ են տվել օրենքի խախտում: Պարզվում է, որ օրենքի ցանկացած, այդ թվում՝ ձևական խախտում կամ շեղում, հետաքննիչին, քննիչին վարույթից հեռացնելու հիմք է: Օրենքի նման ձևակերպումը խիստ ընդհանուր է, ինչը ստեղծում է իրավական անորոշություն և տեղիք տալիս մեկնաբանությունների: Խնդիրը կարգավորելու համար մեր կողմից մշակվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ»,- եզրափակեց Գրիգորյանը: