Սևանի ոստիկանապետի տեղակալ Լյովա Առաքելյանն անօրինական շինությունն է կառուցում Սևանում: Այս մասին ArmDay.am-ին ահազանգեցին տեղի բնակիչները: Նրանց խոսքով՝ շինությունը կառուցվում է բնակելի շենքերի մոտ, որն իր չափսերով խանգարում է, որպեսզի լույսը ներթափանցի մարդկանց տները:
Բնակիչները մի քանի անգամ բանավոր կերպով նրան խնդրել են դադարեցնել, հայտնել են իրենց անհանգստության մասին: «Տարածքը հանրային տարածք է, սակայն Լյովա Առաքելյանը ներքին կարգով այն սեփականաշնորհել է, քանի որ աճուրդ, որպես այդպիսին, չի հայտարարվել, ինչպես արվում է հանրային տարածքը սեփականաշնորհելու դեպքում: Մեկ տարի է արդեն շինարարությունն ընթանում է, սակայն ոչ-ոք այն չի դադարեցնում» ,-ասաց բնակիչներից մեկը:
Մեր տեղեկություններով՝ այն ևս բնակելի տուն է լինելու, որի բարձրությունը հասնում է մոտ տաս մետրի: Առաջին հարկը խանութի համար է նախատեսված:
Սևանի բնակիչները բազմաթիվ զգուշացումներից հետո ստիպված են եղել դիմել քաղաքապետարան,որտեղից գլխավոր ճարտարապետն ուսումնասիրել է տարածքը շինությունն ու ասել, որ այն օրենքով սահմանված կարգից դուրս է:
Քաղաքապետարանից բնակիչներին հայտնել են, որ իրենք միայն առաջին հարկի համար են թույլտվություն տվել,երկրորդ հարկի մասին խոսք չի եղել:
Լյովա աառաքելյանը բազամթիվ բողոքներից հետո հայտարարել է, որ ինքը այդ շինության հետ կապ չունի և դա իր կնոջ անունով է: Կինն էլ արձագանքելով բողոքներին՝ ասել է, որ իրենք շարունակելու են կառուցել այդ շինությունը:
ArmDay.am-ը կապ հաստատեց նաև Սևանի քաղաքապետարանի հետ, որտեղից քաղաքապետի խորհրդական Պապ Պետրոսյանն ասաց, որ իրենք ստացել են բնակիչների բողոքը և համապատասխան քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ: Գլխավոր Ճարտարապետ Էդուարդ Ղազարյանը ևս փաստեց, որ ուսումնասիրել են տարածքը և տեղում ամեն բան արձանագրվել է:
Նշենք, որ Լյովա Առաքելյանը նախկին ՀՀԿ-ական է: