Արմավիրի մարզի Փշատավան գյուղում նշվեց «1000 տարվա գյուղամեջ» խորագրով փառատոնը


Արմավիրի մարզի Փշատավան գյուղում նշվեց «1000 տարվա գյուղամեջ» խորագրով փառատոնը
Հոկտեմբեր 1 09:21 2018

Սեպտեմբերի 30-ին, Արմավիրի մարզի Փշատավան գյուղում նշվեց «1000 տարվա գյուղամեջ» ամենամյա գյուղական կենցաղավարության, արհեստագործության ու արվեստի փառատոնը, որին ներկա էր նաև Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը:

«Ամեն ինչ անելու ենք, որ փառատոնը շարունակական բնույթ կրի: Ամեն սեպտեմբերի վերջին կիրակի օրը նշվելու է Փշատավան համայնքի օրը, այսինքն փառատոնն ու համայնքի օրը համատեղելու ենք»,-Slaq.am-ի զրույցում նշեց Արմավիրի մարզպետն ու անդրադառնալով մարզում անցկացվելիք փառատոններին նշեց. «Սա առաջին փառատոնն է, որին ես մասնակցել եմ, եւ առաջինն էր որը կազմակերպեցինք, բայց մոտ օրերս Մրգաշատ գյուղում տեղի կունենա եւս մեկ փառատոն, նշվելու է Մաճառի տոնը, որը այս մեկին եւս չի զիջի: Կարծում եմ, այսօրինակ փառատոնները շատ կարեւոր են մարզային կյանքում, քանի որ ավելի ճանաչելի են դարձնում համայնքն ու ինչու ոչ՝ հայկական մշակույթը: Շատ շնորհակալ ենք բոլոր կազմակերպիչներին»:

Փառատոնի շրջանակներում Փշատավան ժամանած հյուրերը ոչ միայն տանտերերի հյուրընկալության հետ ծանոթացան, այլև հնարավորություն ունեցան հետևելու ու սովորելու կավագործություն, դարբնություն, փայտամշակում ու երաժշտական գործիքների պատրաստում: Ծանոթացան գորգագործության գաղտնիքներին, տիկնիկագործության առանձնահակություններին: Ներկա գտնվեցին մեղր քամելու և լավաշ թխելու արարողությանը, ինչպես նաև համտեսեցին տաք լավաշն ու անուշաբույր մեղրը:

Slaq.am-ի հետ զրույցում փառատոնի կազմակերպիչ Կարինե Փանոսյանը նշեց, որ այսօրինակ միջոռացումները մի շարք խնդիրներ են լուծում գյուղական համայնքներում.

«Փառատոնը երրորդ անգամ է անցկացվում, նախորդ երկու տարիներին անցկացվել է Նոյեմբերյանի Զորական գյուղում, որը Չարդախլուից գաղթած արցախցիներով է բնակեցված`գեներալների ու մարշալնեի գյուղն է: Փառատոնը ծնվել էր հենց այդ գյուղի համար, իմ հին ընկերը` Հովհաննես Չարդախլեցին, առաջարկեց իրենց գյուղի համար մի միջոցառում կազմակերպել, որը կգրավի զբոսաշրջիկների ուշադրությունը, գյուղը ճանաչելի կդարձնի ու կլուծի մի շարք սոցիալական խնդիրներ: Քանի որ Զորականը չուներ պատմամշակութային կոթողներ, հուշարձաններ, պետք է մտածվեր մի բան որը բնական է եւ հորինված չէ: Արդյունքում որոշեցինք հասարակությանը նեկայացնել գյուղական կենղացավարությունը, արհեստագործությունը: Զորականում փառատոնն անցկացնելը հեռավորության պատճառով հարմար չէր ու մասշտաբային առումով շատ փոքր է ստացվում, բացի այդ նախկին իշախանության ժամանակ կամ շատ քիչ ֆինանսավորում էինք ստանում կամ չէինք ստանում, ստիպված եղանք տեղափոխել անցկացման վայրը: Որոշեցի փառատոնն անցկացնել այնպիսի տեղում, ուր Հայաստանի տարբեր ծայրերից հասնելը հեշտ կլինի: Այս գյուղն ընտրեցի, քանի որ այստեղ ունեմ ինձ շատ հարազատ մարդ` Լիլիթը Գրիգորյանը, ով կազմակերպչական մեծ տաղանդ ունի, բացի այդ այս գյուղը հարմար էր աշխարահագրական տեսանկյունից, նորընտիր մարզպետն էլ շատ հուսադրող էր...Արդեն արդյունքը ցույց տվեց, որ ես չսխալվեցի, արդյուքնում ստացանք մարզպետարանի աջակցությունը, եւ գյուղապետը մեծ ներդրում ունեցավ այս գործում»:

Կարինե Փանոսյանն ավելացրեց, որ ամեն տարի սեպտեմբերի վերջին կիրակին Փշատավանը կունենա իր տոնը` «Հազար տարվա գյուղամեջը», ինչի միջոցով կփորձեն զարգացնել մշակութային կյանքը զբոսաշրջությունը, և լուծել սոցիալական, տնտեսական խնդիրներ: