Այսօր Գյումրին տոնում է քաղաքի օրը: «Գյումրու օր» տոնակատարության շրջանակներում քաղաքում կանցկացվեն մի շարք միջոցառումներ:
«Բարի լույս, Գյումրի» միջոցառմամբ մեկնարկել է այսօրվա տոնական ծրագիրը, որի շրջանակներում քաղաքի կենտրոնական հուշարձանների լվացում է իրականացվել:
Տոնական միջոցառումներ նախատեսվում են քաղաքի տարբեր հատվածներում:
11։00-ին «Բարի գալուստ, Գյումրի» խորագրով բացօթյա պարային համերգ է Կայարանամերձ հրապարակում:
12։00-ին «Ապրող սերունդ» վերտառությամբ տոնական համերգ տեղի կունենա Անի թաղամասում՝ Ժան և Ալբեր Պողոսյանների արվեստի դպրոցի և «Քրեյզի» պարային համույթի մասնակցությամբ, Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու տարածքում:
12։00-ին «Վերածնվող իմ Գյումրի» տոնական միջոցառում «Մուշ» թաղամասում:
Նույն ժամին «Մուտք և սկիզբ. ճամփորդություն ժամանակի միջով» խորագրով թատերականացված տոնահանդես է գյումրեցի աղաների, ղարաչուխալի տղեքի, ղայֆախանի երգիչների, սիրուն Սոֆիկի, Ալեքպոլի արհեստավորների հետ, Գյումրվա հյուրասիրություն Ռուսթավելի փողոցում:
Տոնական միջոցառումների շարքը կշարունակվի ամբողջ օրվա ընթացքում և կեզրափակվի տոնական մեծ համերգով Վարդանանց հրապարակում: Տոնական հրավառություն ևս կլինի ժամը 22:00-ին:
Քաղաքի օրվա առթիվ Գյումրու բնակիչների և հյուրերի համար բաց կլինեն նաև թանգարանները: