Իսկապես իրավիճակ է փոխվել: Քաղաքական դաշտի լուրջ վերափոխումներից հետո նաև հետաքրքրություններն են այլ դարձել և հնարավոր է այնպիսի համագործակցություն, որը հնարավոր չէր նախքան հեղափոխությունը: Այս մասին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում» թեմայով քննարկմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
«Լրատվամիջոցների աշխատանքի առումով պետք է ասել, որ վերջին տարիներին լավ ավանդույթ էր ձևավորվել հենց ընտրաշավի ժամանակ հավասարությունը պահպանելու և հնարավորություն տալ բոլորին ներկայանալ: Այս ընթացքում որպես փորձագետ ես նկատել եմ, որ հավասար մոտեցումը պահպանվել է»,-ասաց նա:
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը նշեց, որ գերուշադրություն է դարձվում Երևանի ընտրությունների և ավելի շատ խոսվում է քաղաքապետի ընտրությունների, քան ավագանու կազմի մասին:
«Ի զարմանս բոլորի, երևանի ավագանու այս ընտրությունները ինձ վրա թողնում էին համապետական ընտրութությունների տպավորություն, որտեղ լուծվում է իշխանության հարց, և սրանով է բացատրվում այն զարմանքը, որ մարդիկ ունեն, ինչպես է, որ տեղական ընտրությունների ժամանակ քարոզարշավում այս կարգի բախումներ են տեղի ունենում վերբալ առումով: Ընդ որում, այդ բախումները ընթանում են ոչ միայն մրցակից թիմերի, այլև միևնույն դաշինիք տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների միջև. օրինակ ՔՊ և «Լույս դաշինք»» ,-ասաց նա:
Լաուրա Բաղդասարյանն ընդգծեց, որ մրցակից ուժերից մի քանիսը ունեն հեռուստաընկերություններ, որոնք սպասարկում են տվյալ քաղաքական շահերը, մնացած ուժերը մասնակում են այս ընտրություներին մասնակցելու համար:
Փորձագետները հատուկ ուշադրություն դարձրին սոցիալական ցանցի՝մասնավորապես ֆեյսբուքի դերին ընտրությունների շրջանում:
«Օնլայն ԶԼՄ-ները վարում էին այն ռազմավարությունները ինչը նախկինում էին անում: Բավականին ինքնուրույն էր ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտագործման ձևերը: Օրինակ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջին հետևում է 1 մլն և ավելի մարդ: ԶԼՄ-ներ բողոքում էին, որ քաղաքական գործիչների սոցիալական ցանցում ակտիվությունը խանգարում է իրենց աշխատանքին: Այո, անհերքելի է, որ վարչապետի հրապարակումները տաս անգամ ավելի դիտում են ունենում, քան այն վերարտադրողների մոտ է»,-ասաց Լաուրա Բաղդասարյանը: