Վրաստանում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ երկրների դեսպանները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատվիրակության անդամները եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, այնուհետև ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
«Սա իմ առաջին այցն է Հայաստան: Հայ և ֆրանսիացի ժողովուրդները մշտապես սերտ և մտերիմ հարաբերություններ ունեն: Ինձ համար շատ հաճելի է Հայաստան այցելությունը: Ես շատ տպավորվեցի հատկապես այս հուշահամալիր այցից»,- ասաց Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Պասկան Մոնիյեն:
Պատվիրակության կազմում կան ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Չինաստանից, Իրանից, Էստոնիայից, Շվեդիայից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Լեհաստանից, Բրազիլիայից և այլ երկրներից: