Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման ներկայացուցիչները մշտադիտարկման նպատակով չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ, ստուգվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը:
Քրեակատարողական հիմնարկում արձանագրվել են խնդիրներ, որոնք առնչվում են՝
· բժշկական սպասարկման բաժնի համալրվածությանը,
· բժշկական թափոնների խոտանմանը,
· արտաքին զննությունների և դրանց ընթացքի ու արդյունքների արձանագրմանը,
· քրեակատարողական հիմնարկում հաստիքների և անձնակազմի ոչ բավարար քանակին,
· քրեակատարողական ծառայողների աշխատանքային անբավարար պայմաններին,
· ազատությունից զրկված անձանց մեկուսի պահելուն ու այդ ընթացքում նրանց համար բավարար նպատակային գործունեության կամ ծրագրերի բացակայությանը,
· զբաղվածությանը, ներառյալ՝ կրթական և մասնագիտական ծրագրերին և այլն:
Այցի ընթացքում վեր հանված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն իրավասու պետական մարմնին:
Մշտադիտարկման ընթացքում Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը Պաշտպանի ներկայացուցիչների համար աշխատանքի խոչընդոտներ չի ստեղծել:
Բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը կգտնվեն Պաշտպանի ուշադրության կենտրոնում:
ՄԻՊ աշխատակիցները «Հրազդան» ՔԿՀ-ում չհայտարարված այցի ժամանակ մի շարք խնդիրներ են արձանագրել

