ՄԻՊ-ի եւ ԱԱԾ սահմանապահ զորքերի միջեւ գործում է տեղեկությունների արագ փոխանակման համակարգ


ՄԻՊ-ի եւ ԱԱԾ սահմանապահ զորքերի միջեւ գործում է տեղեկությունների արագ փոխանակման համակարգ
Սեպտեմբեր 11 09:57 2018

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանին:

ՄԻՊ-ից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում ընդգծվել է Պաշտպանի աշխատակազմի եւ Սահմանապահ զորքերի միջեւ համագործակցության անհրաժեշտությունը: Պաշտպանը կարեւորել է մարդու իրավունքներին առնչվող հարցերում սերտ համագործակցելու՝  Սահմանապահ զորքերի ղեկավարության հանձնառությունը:

Քննարկվել են նաեւ ՀՀ պետական սահմանը հատող անձանց իրավունքներին առնչվող հարցեր, այդ թվում՝ կապված ապաստան հայցողների հետ: Այս կապակցությամբ ընդգծվել է կառույցների միջեւ տեղեկությունների արագ փոխանակման հարցում արդյունավետ փոխգործակցությունը: Այն իրականացվում է երկու կողմերից նշանակված հատուկ ներկայացուցիչների միջոցով:

Մասնավորապես, հաստատված պրակտիկայի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվող համապատասխան ահազանգերի կապակցությամբ տեղի են ունենում արագ քննարկումներ՝ լուծումներ գտնելու նպատակով:

Ներկայում Պաշտպանի աշխատակազմը եւ Սահմանապահ զորքերի ծառայողները սերտ համագործակցում են ՀՀ պետական սահմանի անցման կետերում տեղակայված՝ ապաստան հայցող անձանց հատուկ կացարանների պայմանների բարելավման գործում: Դրանց ուսումնասիրման նպատակով Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացնում են այցեր, մասնակցում են համատեղ քննարկումների եւ դասընթացների:

Հայաստանում ապաստան հայցող անձանց իրավունքների պահպանության տեսանկյունից Պաշտպանն անդրադարձել է նաեւ Սահմանապահ զորքերի պարբերական վերապատրաստումներին, որոնք իրականացվում են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

Նշենք, որ քննարկվող ոլորտում առկա խնդիրները եւ դրանց վերաբերյալ ներկայացված առաջարկությունները, ինչպես նաեւ երկու կառույցների համագործակցության ուղղությունները տեղ են գտել նաեւ «Հայաստանի Հանրապետությունում փախստականների եւ ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» Պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցում: