«Ես իմ տան աղբն եմ բերել՝ երեխայի «պամպերսները». Ակցիայի մասնակիցը աղբը թողեց «Սանիթեք»-ի գրասենյակում


«Ես իմ տան աղբն եմ բերել՝ երեխայի «պամպերսները». Ակցիայի մասնակիցը աղբը թողեց «Սանիթեք»-ի գրասենյակում
Սեպտեմբեր 6 10:42 2018

Տնօրենն այս պահին քաղաքում չէ. մենք հիմա զբաղված ենք մեր առօրյա գործերով, մեր գրաֆիկով աշխատում ենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, «Սանիթեք» ընկերության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց  ընկերության գործադիր տնօրենի օգնական Քրիստինե Հովհաննիսյանը, հայտնում է News.am-ը:

Նա նշեց, որ հաջորդ շաբաթ իրենք ունենալու են մեծ մամուլի ասուլիս, այնտեղ բոլոր հարցերին կպատասխանեն:

Հարցին, թե ինչով է պայմանավորված այս վիճակը, սպասում են քաղաքապտ ընտրվի, նո՞ր աշխատեն, պատասխանեց. «Նախկինում էլ տնօրենը բացատրել է իրավիճակը: Եթե եկել եք այստեղ ակցիա իրականացնելու, իրականացրեք, թույլ տվեք մենք էլ մեր գործով զբաղվենք: Իրավիճակը կամաց-կամաց կարգավորվում է»:

Նա հերքեց, թե աղբահանության ոլորտում անմխիթար վիճակը կապ ունի նախկին քաղաքապետի հրաժարականի հետ:

Հարցին, թե ինչու այնպես ստացվեց, որ հենց Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ընկերության աշխատանքը կտրուկ վատացավ, Քրիստինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ այդ հարցին պատասխանել է ընկերության տնօրենը՝ ասելով, որ նման խնդիր եղել է նաեւ նախորդ տարի, բայց կարճ ժամանակով. «Տեխնիկական խնդիրներ են, որոնց հետ բախվել է ընկերությունը եւ փորձում է լուծել այն»:

Նա խոստացավ, որ հաջորդ շաբաթ լրագրողներին կհրավիրեն իրենց ընկերություն, հարցերին կպատասխանի տնօրենը։

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը աղբով լի տոպրակով մտավ շենք եւ այն թողեց սենյակներից մեկում:

Նա պարզաբանեց, որ Կենտրոն համայնքի բնակիչ է եւ այնտեղ տիրող խայտառակ վիճակը համաճարակի բռնկման պատճառ կարող է դառնալ։ Անգամ Աբովյան փողոցի ամենաբանուկ հատվածում գարշահոտ եւ ճանճեր են։

«Ես իմ տան աղբն եմ բերել՝ երեխայի «պամպերսները»։ Սանիթեքը, որ պատասխանատվություն է ստանձնել աղբահանության խնդիրը կարգավորելու, անգործության է մատնված»,–ասաց ակցիայի մասնակիցը։

Ընդգծեց, որ նույն խայտառակ վիճակը բոլոր համայնքներում է։ Ընկերության ներկայացուցչին կոչ արեց գոնե մինչեւ նոր տենդերի հայտարարումը մոբիլիազնել ուժերը,  որպեսզի  բողոքի երկրորդ ակցիան չլինի։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում