«Արմավիր» ՔԿՀ-ում կտեղադրվի անվտանգության ապահովման ահազանգման համակարգ


«Արմավիր» ՔԿՀ-ում կտեղադրվի անվտանգության ապահովման ահազանգման համակարգ
Սեպտեմբեր 5 21:37 2018

Վաղը կառավարության հերթական նիստին չզեկուցվող հարցերի շրջանակներում ընդգրկված է հարց, ըստ որի կբարձրացվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անվտանգության համակարգերի հուսալիության մակարդակը:

 

Ըստ նախագծի`ՀՀ պետական բյուջեից քրեակատարողական համակարգի պահպանման համար վերջին 10 տարիների ընթացքում քրեակատարողական հիմնարկների անվտանգության համակարգերի արդիականացման և հուսալիության մակարդակի բարձրացման նպատակով հատկացվող միջոցների բացակայության պատճառով` քրեակատարողական հիմնարկներում անվտանգության նոր համակարգերի տեղակայման աշխատանքներ չեն իրականացվել, ուստի այս խնդրի լուծման անհրաժեշտությունը հրատապ է:

 

 

Ներկայումս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի արտաքին անվտանգության ապահովումն իրականացվում է էլեկտրահարման և տեսադիտման համակարգերի միջոցով:

 

Անվտանգության ապահովման արդի իրավիճակը չի համապատասխանում անվտանգության ժամանակակից պահանջներին, ուստի հրատապ պահանջվում է արդիականացնել նախկինում գործող համակարգերը և տեղադրել անվտանգության ապահովման ահազանգման համակարգ:

 

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ահազանգման համակարգն ամբողջությամբ կապահովի հիմնարկի ռեժիմային տարածքից արգելված գոտի տեղաշարժի անվտանգությամբ, և նման շարժի հայտնաբերման դեպքում անմիջապես կգործեն անվտանգության ձայնային ազդանշանային համակարգերը՝ ըստ ֆիքսված գոտիների:

 

Քրեակատարողական վարչության առջև ծառացած խնդիրների լուծման նպատակով նախատեսվում է անվտանգության ձայնային ազդանշանային համակարգերի ձեռքբերման համար հատկացնել 15,500.0 հազար դրամ: