Որոշում չենք ստացել, հետևաբար չեմ կարող մեկնաբանել․ Քոչարյանի փաստաբանը՝ ՀՔԾ որոշման մասին


Որոշում չենք ստացել, հետևաբար չեմ կարող մեկնաբանել․ Քոչարյանի փաստաբանը՝ ՀՔԾ որոշման մասին
Սեպտեմբեր 5 14:12 2018

 

 Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դիմումներ են ուղարկել ԱԱԾ սահմանապահ զորքեր, որպեսզի պարզեն, թե արդյոք սահմանափակված է Քոչարյանի ազատ տեղաշարժը, որի պատասխանը դեռ չեն ստացել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

«Երեկ ՀՔԾ քննիչի կողմից որոշում է կայացվել, փոստով ծանուցում է ուղարկված որոշման մասին, որպեսզի գնանք և իրականացնենք ստորագրություն չհեռանալու վերաբերյալ: Որոշում չենք ստացել, հետևաբար չեմ կարող մեկնաբանել՝ այն հիմնավոր է, թե ոչ, սակայն Վերաքննիչ դատարանը մեր պաշտպանյալին ճանաչել է անձեռնմխելի, հետևաբար այդ առաջադրված մեղադրանքների մասով չի կարող իրականացվել քրեական հետապնդում, իսկ խափանման միջոցի կիրառումը ևս քրեական հետապնդում է, ինչից ելնելով կարող եմ ասել, որ որոշումը օրինական չէ: Կլինեն որոշումներ, համաձայն չենք լինի, կբողոքարկենք և հակառակը»,-ասաց Օրբելյանը: Փաստաբանը նշեց, որ «ՀՀ անձնագրի մասին» օրենքում կա դրույթ, որ մեղադրյալի անձնագիրը կարող է պահվել վարույթ իրականացնող մարմնի մոտ, իսկ 2017-ի ՄԻՊ-ի դիմումի վերաբերյալ ՍԴ-ն որոշմամբ դա ճանաչվել է անձի իրավունքի խախտում. ՄԻՊ-ն այդ հարցով դիմել է ՍԴ, և ՍԴ-ն հաստատել է, որ դա հակասում է ՀՀ սահմանադրությանը: Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել էր, որ 2-րդ նախագահը մի քանի օրով երկրից մեկնելու է: Դրանից հետո հայտնի դարձավ, որ Քոչարյանի անձնագրերը գտնվում են վարույթն իրականացնող մարմնի մոտ: Նախօրեին արդեն ՀՔԾ-ն հայտնեց, որ քննիչի որոշմամբ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Փաստաբանը հաստատեց, որ այս պահին Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը վարույթն իրականացնող մարմնում է: Այն հարցին՝ թե մարտի 1-ի լուսադեմի դեպքերի գործի հետ կապված Ռոբերտ Քոչարյանը տեղյակ եղե՞լ է, որ բարձրաստիճան պաշտոնյաները փաստաթղթեր են կեղծել, և արդյո՞ք Քոչարյանն է հրաման տվել այդ օրը լուսադեմին ներխուժել Ազատության հրապարակ, Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը պատասխանեց. « Պաշտպանյալն ունի նպատակ՝ հիմնավորել, որ մեղադրող կողմի մեղադրանքն անհիմն է: Եթե նկատել եք, մեր պաշտպանյալի գործը, և մյուս գործերը միացվել են մեկ վարույթում: Հետեւաբար՝ քննարկել գործն ամբողջ ծավալով՝ կլինի ոչ տրամաբանական, որովհետև ծավալը շատ մեծ է: Իսկ երեկվա հաղորդագրությունից պարզ չէ՝ երբ են կեղծվել փաստաթղթերը՝ 2008-ին, թե՝ հետո: Եթե խոսքը գնում է 2008 թվականի փետրվարի փաստաթղթերի մասին, ապա քրեական դատավարության օրենսգիրքը ասում է, որ վաղեմության ժամկետի ավարտից հետո նյութերը խոչընդոտ են: Երբ կլինեն նոր փաստաթղթեր, հիմքեր, կնայենք: Բայց այդ էպիզոդը մեր պաշտպանյալին չի առնչվում, սակայն դա չի նշանակում, որ կապ չունի Մարտի 1-ի հետ»,- ասաց Արամ Օրբելյանը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե Ռոբերտ Քոչարյա՞նն է իրավապահներին հրամայել է Մարտի 1-ի առավոտյան ներխուժել Ազատության հրապարակ, Քոչարյանի փաստաբանը պատասխանեց՝ ոչ: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։