Ինչպես հայտնել էինք՝ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի անդամների հետ:
Հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ Ռ. Քոչարյանին սատարելու և Մարտի 1-ի դեպքերի հետ իրենց մասնակցությանը:
«Ով հայտարարում է, որ Մարտի 1-ին իմ անվտանգության աշխատակիցները ժողովրդի դեմ են դուրս եկել, անբարոյական ընտանիքի մարդիկ են: Ծառուկյանը թույլ չի տա, որ ժողովրդի մատը փուշ մտնի: Ինչպե՞ս կարող եմ ես այդպիսի բան արած լինել, դա շանտաժ է Ծառուկյանի դեմ: Եթե Ծառուկյանը կապ ունենա այդ դեպքերի հետ, թող ինձ մասսայական հրապարակում գնդակահարեն»,- հայտարարեց Գ. Ծառուկյանը:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությանը, ով հայտարարել է քաղաքականություն վերադառնալու և արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին, Գագիկ Ծառուկյանն ասաց.
«Այս պահին Փաշինյանի հետ եմ համագործակցում: Ես այսօր իմ գործընկերների հետ եմ, մենք համագործակցում ենք, աշխատում ենք, մեր հարաբերությունները շատ լավ են, շատ ջերմ են: Մենք ուզում ենք մեր ծրագրերն իրականություն դարձնել: Մենք ուզում ենք մեր ժողովրդի սպասելիքը, այն, ինչի համար պայքարել ենք, իրականություն դարձնենք: Ես այն մարդը չեմ, ում հետ կարող է համագործակցության առաջարկ լինել»:
ԲՀԿ ղեկավարը հրաժարվեց մեկնաբանել Հովիկ Աբրահամյանի տանը զենքեր հայնտաբերելու թեման, և խորհուրդ տվեց հարցն ուղղել հենց նրան: